17:09 | 25.04.22 | Նորություններ | 2469

Հայտնի են DigiCode 2022-ի հաղթողները

Ապրիլի 23-ին կայացավ DigiCode կիրառական ծրագրավորման պատանեկան ամենամյա մրցույթի հանրապետական փուլը:

Մրցույթին մասնակցել է 72 պատանի Հայաստանի բոլոր մարզերից, ներառյալ՝ Արցախից, ինչպես նաև Ջավախքից և Հնդկաստանից։

Եզրափակիչ փուլում իրենց աշխատանքները ներկայացրել են 60 թիմեր (72 աշակերտներ)։

Մասնակիցները մրցել են 10-13 տարեկան և 13 տարեկանից բարձր տարիքային խմբերով՝ «Վիրտուալ աշխատանոցներ` STEM առարկաների թեմաներով», «Համակարգչային խաղեր», «Լավագույն ալգորիթմական լուծում» Կրիայ ծրագրով օլիմպիադա և «Սարքերի ինտեգրում» անվանակարգերում։

Մրցույթում ներկայացված աշխատանքներն իրականացվել են Աղուէս (Scratch), Կրիայ (KTurtle) ծրագրերով և Python ծրագրավորման լեզվով։

«Վիրտուլ աշխատանոց» անվանակարգում հաղթեցին Մանե Հարությունյանն ու Էդուարդ Հարությունյանը Նորատուսի թիվ 1 միջնակարգ դպրոցից՝ «Բացահայտենք Ֆիզիկան միասին» խաղով (10-13 տարեկան) և Հովիկ Մարտիրոսյանը Վանաձորի թիվ 2 հիմնական դպրոցից՝ STEM Lab խաղով (13 տարեկանից բարձր)։

«Համակարգչային խաղեր» անվանակարգում հաղթող ճանաչվեցին Մարիա Նգոյանը Դիլիջանի ավագ դպրոցից՝ Black Platformer խաղով (10-13 տարեկան) և Անուշ Հակոբյանն ու Գայանե Բաղդասարյանը Էջմիածնի ինովացիոն էթնիկ մարզային կենտրոնից՝ «Կորած կղզին» խաղով (13 տարեկանից բարձր)։

«Pythօn ծրագրով սարքերի ինտեգրում» անվանակարգում 10-13 տարեկան տարիքային խմբում ունեցանք երկու հաղթող՝ Արթուր Մկրտիչյանը Մասիսի թիվ 4 հիմնական դպրոցից՝ «Սննդի խելացի ապարատ» նախագծով և Ավետ Դունամալյանն ու Հովհաննես Կարապետյանը Շենավանի հիմնական դպրոցից՝ «Hawk Hunters» նախագծով։ Նույն անվանակարգում 13 տարեկանից բարձր տարիքային խմբում հաղթող են ճանաչվել Թորգոմ Միսակյանն ու Ատոմ Հակոբյանը Գանձակի թիվ 1 միջնակարգ դպրոցից՝ «Smart Aquarium» նախագծով։

Այս տարի Դիջիկոդ մրցույթն իրականացվել է նաև մարզային փուլերով ՀՀ հինգ քաղաքներում՝ Գյումրիում, Վանաձորում, Իջևանում, Գորիսում և Երևանում։
Մասնակցության հայտ էին ներկայացրել 942 թիմեր (1000-ից ավել աշակերտներ) ՀՀ բոլոր մարզերի, այդ թվում՝ Արցախի, Ջավախքի ընդհանուր թվով 400 դպրոցներից։

DigiCode-ը կազմակերպում է ԱՏՁՄ-ն։