10:40 | 25.04.22 | Նորություններ | 1239

ՏՏ ոլորտում առաջարկվում է սահմանել կրթական 5 մրցանակ

ՏՏ ոլորտը զարգացնելու, կատարելագործելու և խրախուսելու նպատակով Հայաստանում առաջարկվում է սահմանել կրթական հինգ մրցանակ։

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում կրթական մրցանակները, դրանց շնորհման և հանձնման կարգը սահմանելու մասին» կառավարության որոշման նախագիծ:

Նախագծով սահմանվում են ՏՏ ասպարեզում հետեւյալ մրցանակները․

•    լավագույն ուսանողների համար` «Գլխավոր մրցանակ», «Լավագույն ասպիրանտ» (1-ին և 2-րդ կարգ), «Լավագույն մագիստրանտ» (1-ին և 2-րդ կարգ), «Լավագույն բակալավր» (1-ին և 2-րդ կարգ),

•    լավագույն աշակերտների համար` «Լավագույն աշակերտ»՝ 2023 թվականից:

ՏՏ բնագավառում կրթական մրցանակների մրցանակաբաշխության ֆինանսավորումն իրականացնում է «Սինոփսիս Արմենիա» ընկերությունը՝ համաձայն ընկերության և «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջև համաձայնագրի։

Նշենք, որ ներկայում ՏՏ բնագավառում կրթական մրցանակներ սահմանված չեն, և մրցանակների շնորհման և հանձնման որևէ համակարգ չի գործում:

Քաղաքացիները և շահառու խմբերը մինչև մայիսի 5-ը կարող են նախագծի վերաբերյալ իրենց առաջարկություններն ու դիտողությունները ներկայացնել Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում: