13:52 | 14.04.22 | Նորություններ | 2397

EPIC-ը մեկնարկում է STRIVE ծրագիրը

Հայաստանի ամերիկյան համալսարանի Ձեռներեցության եւ նորարական տեխնոլոգիաների կենտրոնը (EPIC) մեկնարկում է STRIVE ծրագիրը Հայաստանում:

Այն միտված  է զարգացնելու մասնակիցների ձեռներեցային մտածելակերպը:

10-շաբաթյա ծրագիրը հիմնված է Ձեռներեցության ուսուցման նախաձեռնության (Entrepreneurial Learning Initiative, USA) հայտնի «Ice House Entrepreneurship» ծրագրի վրա, որը համաշխարհային առաջատարներից մեկն է ձեռներեցային մտածելակերպի զարգացման ոլորտում:

STRIVE-ի նպատակն է ներգրավել մարդկանց, որոնք ունեն փոփոխություններ կատարելու կամք, ձգտում եւ հավակնություններ, եւ ցանկանում են  տիրապետել ձեռներեցության հիմնարար սկզբունքներին:

Մասնակիցներին հնարավորություն կտրվի սովորելու եւ կապ հաստատելու ձեռներեցության ոլորտում հաջողության հասած անհատների հետ:

«Ձեռներեցները պետք է մտածեն ուրույն ձեւով: Այնտեղ, որտեղ բոլորը տեսնում են խնդիր, ձեռներեցները տեսնում են հնարավորություն: Մեր նոր ծրագիրը ձգտելու է ամրապնդել մասնակիցների առաջնորդության հատկանիշները, միջանձնային կապը եւ հուզական ինտելեկտը՝ այդպիսով կերտելով ստեղծագործ, քննադատական մտածողներ, որոնք կարող են բացահայտել եւ լուծել խնդիրները», - նշել է EPIC-ի տնօրեն, պրոֆեսոր Մայքլ Քուչաքջյանը:

Ծրագրի ավարտին մասնակիցները կարող են դիմել EPIC-ի ինկուբացիոն ծրագրին, որտեղ իրական ստարտափ թիմերը կսկսեն իրենց գաղափարների վավերացման գործընթացը:

STRIVE ծրագրին կարող եք դիմել այստեղ։