12:10 | 14.04.22 | Նորություններ | 1510

    Meta-ն մոտ 50% մասնաբաժին կգանձի իր մետատիեզերքում վիրտուալ ակտիվների վաճառքից

    Facebook-ը բացում է Horizon World-ը՝ իր ավատարների վիրտուալ իրականության աշխարհը, 18 եւ ավելի բարձր տարիքի բոլոր անձանց համար ԱՄՆ-ում եւ Կանադայում։

    Facebook-ի մայր ընկերություն Meta-ն պլանավորում է մինչեւ 47,5% մասնաբաժին վերցնել թվային ակտիվների վաճառքից եկամուտից իր Horizon Worlds վիրտուալ իրականության հարթակում, ինչը հանդիսանում է այսպես կոչված «մետատիեզերք» ստեղծելու ընկերության ծրագրի անբաժանելի մասը:

    Սոցիալական մեդիայի հսկան իր բլոգում հայտարարել է, որ թույլ է տալիս Horizon Worlds-ի ստեղծողներին վաճառել վիրտուալ ակտիվներ իրենց կառուցած աշխարհներում, որոնք կարող են ներառել NFT-ներ: Սակայն, ընկերությունը չէր նշել, թե Meta-ն որքան գումար կգանձի ստեղծողներից՝ իրենց ապրանքները վաճառելու համար:

    Meta-ի խոսնակը CNBC-ի հետ զրույցում հաստատել է, որ Meta-ն մինչեւ 47,5% կգանձի  յուրաքանչյուր գործարքի համար:

    Մասնաբաժնի չափը զայրացրել է NFT համայնքի ներկայացուցիչներին, նրանք  Twitter-ում բազմաթիվ գրառումներ են կատարել։

    Վիվեք Շարման՝ Meta-ի Horizon-ի փոխնախագահը, The Verge-ին ասել է, որ իրենց կարծիքով տոկոսադրույքը բավականին մրցունակ է շուկայում:

    Մեկ այլ NFT շուկա՝ OpenSea-ն յուրաքանչյուր գործարքի դիմաց 2,5% մասնաբաժին է վերցնում, մինչդեռ մրցակից LooksRare-ը գանձում է ընդամենը 2%:

    Վերջին մի քանի ամիսների ընթացքում ընկերությունները եւ անհատները վիրտուալ աշխարհներում ձեռք են բերել ամեն ինչ՝ արվեստի գործերից մինչեւ անշարժ գույք, այնպիսի հարթակներում, ինչպիսիք են Decentraland-ը եւ The SandBox-ը:

    Հիփ-հոփի աստղ Սնուփ Դոգը գնել է վիրտուալ հողատարածք, եւ մի երկրպագու դեկտեմբերին վճարել է 450 000 դոլար՝ The Sandbox-ում իր կողքին գտնվող հողամաս գնելու համար: