09:49 | 05.04.22 | Նորություններ | 2084
Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանն ասել է, որ Վիվա-ՄՏՍ-ը հետզհետե վերածվում է տեխնոլոգիական` ՏՀՏ ընկերության:
«Առաջին Բիզնես Դպրոց»-ի հրավերով՝ հատուկ դասընթացի շրջանակում, Ռալֆ Յիրիկյանն ուսանողներին ներկայացրել է իր փորձն ու գիտելիքները՝ գործարար առաջնորդության ու կառավարման ոլորտներում:
«Մենք գնահատեցինք հնարավորություններն ու ռիսկերը և բռնեցինք թվային փոխակերպման ճանապարհը: Համաշխարհային միտումներին համահունչ՝ բջջային օպերատորը շարժվում է թվակերպման ուղղությամբ: Թվային փոխակերպումն այլևս անդառնալի գործընթաց է այն բանից հետո, երբ ընկերությունն ընտրություն կատարեց հօգուտ «smart pipe» (խելացի խողովակ), այլ ոչ՝ «dumb pipe» (կույր խողովակ) հայեցակարգի»,-նշել է Վիվա-ՄՏՍ-ի ղեկավարը:
«Վիվա-ՄՏՍ-ը մեծ ուշադրություն է դարձնում առաջարկվող ծառայությունների բազմազանությանը: Յուրաքանչյուր անհատ ու կազմակերպություն կարող է գտնել իր բյուջեին, պահանջներին, նախասիրություններին համապատասխանող սակագնային պլան կամ փաթեթ, որում կարող է համադրել ձայնային ու ինտերնետային այս կամ այն ծառայությունը, բազմապիսի հավելվածները: Սա գնահատվում է մեր բաժանորդների կողմից, ինչն ակնհայտ է դառնում բաժանորդի գոհունակության գնահատմանն ուղղված հետազոտությունների արդյունքում»,- ասել է Ռալֆ Յիրիկյանը:
Սկսնակ գործարարներին ու մասնագետներին նա հորդորել է խուսափել կոմֆորտի գոտուում մնալուց, երբեք չխորշել «սևագործ» աշխատանքից, չվախենալ սխալվելուց, կայացման համար ընտրել անկայուն իրավիճակներ ու միջավայրեր, չարչարվել, մտածել և խնդիրների լուծման ոչ ստանդարտ լուծումներ գտնել:
«Պետք է կառավարել՝ օրինակ ծառայելով: Առաջնորդ դառնալու առաջին քայլերից է աշխատավայրում նախաձեռնող լինելը»,- ամփոփել է Ռալֆ Յիրիկյանը: