17:37 | 25.03.22 | Նորություններ | 13236

Վիվա-ՄՏՍ-ի աջակցությամբ Արտաշատում հիմքից տուն է կառուցվել

Վիվա-ՄՏՍ-ի եւ «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» բնակարանաշինության ծրագրով Արարատի մարզի Արտաշատ քաղաքում Ստեփանյանների ընտանիքի համար հիմքից տուն է կառուցվել:

Ընդամենը հինգ ամիս տեւած շինարարական աշխատանքներն ավարտվել են ձմռանը: Ստեփանյաններն արդեն բնակարանամուտ եւ Ամանոր են նշել: Գործընկեր կազմակերպությունների ղեկավարներն այցելել են ընտանիքին:

«Խնդիրներ հաղթահարելիս պետք է ճանապարհից հեռացնել հուսահատությունը. դա ամենավատ խորհրդատուն է եւ քայքայում է ամեն ինչ: Դժվարությունները ժամանակավոր են, իսկ հաջողությունների հիմքում կարեւոր տեղ ունեն կամքն ու հավատը: Արդեն ավելի քան տասը տարի իրականացնում ենք այս ծրագիրը եւ համոզվել ենք դրանում: Կառուցվող ամեն տան հետ ամրանում է որեւէ մեկի հավատը: Ծրագրի գնահատման ամենահաջողված ցուցիչը ոչ թե բարձրացող պատն է, այլ՝ երեխայի աչքերի փայլը», - ասել է Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Վիվա-ՄՏՍ-ի եւ «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» աջակցությամբ միայն 2021 թվականին բնակարանի խնդիր են լուծել 87 ընտանիք: Տասնամյա համագործակցության ցուցանիշը ոգեւորող է. նոր կյանք սկսած ընտանիքների թիվը մոտենում է չորս հարյուրի: