09:08 | 19.03.22 | Նորություններ | 21612

Picsart-ը ազդարարել է «անսահմանափակ» AI տառատեսակների ծնունդը

Picsart-ը ներկայացրել է արհեստական բանականության (ԱԲ/AI) կողմից ստեղծված տառատեսակները:

«Այսօր ներկայացնում ենք այնպիսի տառատեսակներ, որոնք նախկինում չեք տեսել, որովհետեւ դրանք հեղինակել է մեքենան։ Տառատեսակները Picsart-ի ամենահայտնի գործիքներից են, որոնք ամեն ամիս կիրառվում են միլիոնավոր պատկերների վրա: Այն, ինչ սկսվեց որպես Picsart Hackathon նախագիծ 2021 թվականին, վերածվեց ԱԲ-ի կողմից ստեղծված տառատեսակների մեր առաջին հավաքածուի: Picsart Gold-ի օգտատերերն արդեն կարող են օգտվել ավելի քան 30 այդպիսի տառատեսակներից ինչպես հավելվածում, այնպես էլ վեբ հարթակներում»,- ասված է ընկերության բլոգում:

Տառատեսակների ստեղծման գործընթացը ներկայացվում է այսպես.

«Մենք մեծ քանակությամբ տառատեսակներ ենք մուտքագրել մեքենա: Այն հիշում է, թե ինչ տեսք ունեն տառերը, նշանները եւ թվերը: Այնուհետև մուտքագրում ենք բանալի-բառեր, որոնք մեքենային հուշում են, թե ինչ նոր տառատեսակ ենք ուզում ստեղծել: Արհեստական բանականության տեխնոլոգիան ստեղծում է բոլորովին նոր, նախկինում երբեք չտեսնված տառատեսակ: Սա նշանակում է, որ տառատեսակներ ստեղծելու հնարավորություններն անսահման են եւ մենք ամեն ամիս նոր տառատեսակներ ենք ներկայացնելու»։