15:05 | 18.03.22 | Նորություններ | 12818
Վիվա-ՄՏՍ-ն ու «Ֆուլեր տնաշինական կենտրոնը» Արագածոտնի մարզի Կաքավաձոր գյուղում բնակվող Մաթեւոսյանների ընտանիքին աջակցել են ավարտին հասցնել շուրջ 50 տարի առաջ մեկնարկած տան շինարարության աշխատանքը:
Ավելի քան տասնամյա գործակցության ընթացքում, գործընկեր կազմակերպությունները միայն Արագածոտնի մարզում, բնակարանաշինության ծրագրով աջակցել են 69 ընտանիքի: Իսկ միայն 2021 թվականին Վիվա-ՄՏՍ-ն ու «Ֆուլեր տնաշինական կենտրոնը» լուծել են 87 ընտանիքի խնդիր: Մաթեւոսյանների ընտանիքը բնակարանաշինության ծրագրի նախորդ տարվա շահառուներից մեկն է:
«Տարիներ շարունակ, մենք փորձում ենք հասարակությանը փոխանցել մի արժեհամակարգ, որի հիմքում, միմյանց աջակցելով՝ տուն, համայնք, երկիր կառուցելն է: Մենք ասում ենք՝ մի եղիր անտարբեր, եւ ձգտում ենք հնարավորինս հետեւել այդ կարգախոսին: Վերջին տարիներին, երբ կյանքի ռիթմը փոխվեց, մենք էլ փոխեցինք մեր աշխատանքի գործիքները: Դա որոշակիորեն խանգարեց այս ծրագրում ընդգրկված ընտանիքներին հանդիպելուն, հնարավորության դեպքում՝ կամավորության սկզբունքով շինարարությանը մասնակից դառնալուն, բայց ոչ՝ մեր նպատակի իրականացմանը:
Ուրախ եմ տեսնել, որ եւս մեկ ընտանիքի հաջողվել է իրականացնել տարիների երազանքը: Փորձեք մոռանալ ապրած դժվարությունները եւ անցյալում թողնել այդ հուշերը: Մեր նպատակը ձեզ առավել ամուր տեսնել է: Եթե մեզ հաջողվում է լուծել թեկուզ մեկ մարդու խնդիր, նրա մեջ ամրապնդել հույսը, տեսնել հայրենիքը չլքելու վճռականությունը, ապա վստահաբար կարելի է ասել, որ ծրագիրը կարեւոր է եւ արդարացված»,- տեսազանգի ժամանակ ասել է Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
Վիվա-ՄՏՍ-ի եւ «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» աջակցությամբ, տասը տարվա ընթացքում նոր տուն ունենալու բերկրանքն արդեն վայելում է շուրջ 400 ընտանիք: