17:32 | 25.02.22 | Նորություններ | 1487

FAST-ը եւ ԵՊՀ-ն կհամագործակցեն ADVANCE ծրագրով

Երեւանի պետական համալսարանը եւ Հայաստանի գիտության եւ տեխնոլոգիաների հիմնադրամը (FAST) կհամագործակցեն գիտնականների աջակցման «ADVANCE» դրամաշնորհային ծրագրի երկու հետազոտական նախագծերի համաֆինանսավորման եւ իրականացման նպատակով:

Համագործակցության համաձայնագիրն այսօր ստորագրել են ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանն ու FAST-ի հիմնադիր տնօրեն Արմեն Օրուջյանը:

«ADVANCE» դրամաշնորհային ծրագիրն ուղղված է միջազգային ճանաչում ունեցող գիտնականների եւ հայաստանյան հետազոտողների միջեւ կապեր հաստատելուն, ինչը հնարավորություն կընձեռի նոր խմբեր ձեւավորելու եւ աշխատելու նորարարական միջազգային մրցունակ հետազոտական նախագծերի վրա: Համաձայնագրով իրագործվելու են մեքենայական ուսուցման ու կենսատեխնոլոգիաների ոլորտներում իրականացվող երկու հետազոտական նախագծեր:

««ADVANCE» ծրագրով մենք նպաստում ենք համակարգային փոփոխությանն ու ինստիտուցիոնալ ուժեղացմանը, որի իրագործման համար կարեւոր բաղադրիչ են բուհերի հետ համագործակցությունը, համալսարանների ներուժի զարգացումն ու գիտնականների ակտիվ ներգրավումը դասավանդման գործընթացում, որպեսզի գիտնականների նոր սերունդը եւս հաղորդակից լինի առաջատար փորձին»,- ասել է Արմեն Օրուջյանը:

ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը հույս է հայտնել, որ այն ազդակ կհանդիսանա գործարար եւ մասնավոր այլ կազմակերպությունների համար՝ աջակցելու բուհերին եւ համագործակցելու դրանց հետ՝ խթանելով Հայաստանում կրթության եւ գիտության զարգացումը: