12:07 | 24.02.22 | Նորություններ | 1617
Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտոր Գոռ Վարդանյանը եւ Գյումրու տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի տնօրեն Ամալյա Եղոյանը համագործակցության հուշագիր են ստորագրել:
Գոռ Վարդանյանն ասել է, որ Պոլիտեխնիկի առանցքային խնդիրներից է մարզերում աջակցել տեխնոլոգիական կրթության որակի բարձրացմանը, աշակերտների շրջանում խորացնել ինժեներական կրթության վերաբերյալ պատկերացումներն ու գիտելիքները։
Ամալյա Եղոյանը նշել է, որ ծրագրի նպատակն է բարձրացնել պոլիտեխնիկական, ինժեներական կրթության հետաքրքրությունն ավագ դպրոցի աշակերտների մոտ՝ տրամադրելով արդիական եւ մրցունակ ինժեներական հմտություններ:
«Ապրելով իրենց համայնքում՝ ուսանողները կկարողանան շարունակել բուհական կրթությունը, ստացած գիտելիքները ծառայեցնել բանակին եւ ունենալ գիտելիքների ամբողջականություն», - ավելացրել է նա։
Մեկ տարի առաջ Հայ կրթական հիմնարկության ֆինանսավորմամբ՝ Պոլիտեխնիկական համալսարանի Գյումրու մասնաճյուղում Գյումրու տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի կողմից ներդրվել է «Ինժեներական մասնագիտացում ավագ դպրոցում» անվճար պիլոտային կրթական ծրագիրը։
Հատուկ ինժեներական լաբորատորիաների տեղադրումից հետո իրականացվել է բոլորովին նոր ինժեներական կրթական ծրագիր, որին մասնակցել են մի շարք ավագ դպրոցների աշակերտներ, այդ թվում նաեւ Պոլիտեխնիկի Գյումրու մասնաճյուղի ավագ դպրոցի աշակերտները։
Ըստ հուշագրի, կողմերը համատեղ կմշակեն Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում նոր կրթական ուղղություններ՝ ներգրավելով միջազգային համալսարանների, կխթանեն Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Գյումրու մասնաճյուղում տեխնոլոգիական ուղղություն ընտրած ուսանողների համար կրթաթոշակների տրամադրումը Հայ Օգնության Ֆոնդի աջակցությամբ, Պոլիտեխնիկական համալսարանի բոլոր մասնաճյուղերում կներգրավեն բարձր տեխնոլոգիական ոլորտի մասնավոր ընկերությունների եւ դոնոր կազմակերպությունների եւ այլն։ Համագործակցության արդյունքում աշակերտները ձեռք կբերեն մի շարք ճարտարագիտական սարքերի հետ աշխատելու հմտություններ, կստանան ինժեներական տարբեր նախագծեր ինքնուրույն մոդելավորելու, զարգացնելու եւ ավարտին հասցնելու համար անհրաժեշտ գիտելիքներ։