12:46 | 23.02.22 | Նորություններ | 8065
Վիվա-ՄՏՍ-ի եւ «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» գործակցությամբ Արցախից տեղահանված Հարությունյանները Վայոց Ձորի մարզի Աղնջաձոր գյուղում նորակառույց տուն ունեն:
Երեք տասնամյակ առաջ Հարությունյաններն այս գյուղում փորձել են կառուցել իրենց երազանքների տունը, սակայն ֆինանսական անբավարար միջոցների պատճառով շինարարությունը կիսատ է մնացել եւ ընտանիքը մշտական բնակության է տեղափոխվել Արցախի Քաշաթաղի շրջան: 44-օրյա պատերազմի ընթացքում ընտանիքի հայրը՝ Մկրտիչը, որդիների հետ մեկնել է առաջնագիծ, իսկ կանայք եւ երեխաները տեղափոխվել են Աղնջաձոր գյուղում գտնվող հին կիսակառույց:
Պատերազմի ավարտից հետո Հարությունյանների որդիներից ավագն իր ընտանիքով մնացել է Արցախում, մյուսները վերադարձել են Վայոց Ձոր եւ գործընկեր կազմակերպությունների աջակցությամբ շարունակել կիսակառույցի շինարարությունը:
«Այս ծրագրի իրականացման ամբողջ ընթացքում հանդիպել ենք տարբեր ընտանիքների, որոնց անցած կյանքի ճանապարհը լի է եղել փորձություններով: Եկել եմ այն համոզման, որ եթե մարդիկ առաջնորդվեն միայն իրատեսությամբ՝ շատ խնդիրներ հնարավոր չի լինի հաղթահարել: Եթե մարդիկ չիմանան, որ գիշերվան հաջորդելու է լուսաբացը՝ ամեն ինչ տխուր կլինի: Լավատեսությունը շատ կարեւոր է: Դա նպաստում է նրան, որ մարդու կամքն ամրանա: Ուրախ եմ տեսնել, որ բոլոր առումներով բարդ տարիներ հաղթահարած ընտանիքներն սկսել են աստիճանաբար վերադառնալ կյանքի բնականոն հուն»,- ասել է Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
Վիվա-ՄՏՍ-ի եւ «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» գործակցությամբ իրականացվող բնակարանաշինության ծրագրի շրջանակում 2021 թվականի ընթացքում աջակցություն է ստացել 87 ընտանիք, որից 15-ը՝ Արցախից տեղահանված: