14:09 | 15.02.22 | Նորություններ | 1946

Մեքենայական ուսուցման ինտենսիվ դասընթացն ընդունում է հայտեր

Հայաստանի գիտության եւ տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) ADVANCE դրամաշնորհային ծրագիրն ու ԵՊՀ Կիրառական վիճակագրության և տվյալների գիտության մագիստրոսական ծրագիրը համատեղ մեկնարկում են «Ուսուցման տեսության մաթեմատիկայի թեմաները» (Topics in Mathematics of Learning Theory) նոր ինտենսիվ դասընթացը։

Այն հիմնականում ուղղված է մագիստրոսական ծրագրի ուսանողներին, բայց սահմանափակ թվով տեղեր հասանելի են նաեւ մեքենայական ուսուցմամբ հետաքրքրվողների համար, որոնք ունեն մաթեմատիկական վիճակագրության, հավանականությունների տեսության և գծային հանրահաշվի հիմնավոր գիտելիքներ։

Դասընթացը կկայանա փետրվարի 22-ից մարտի 3-ը։ Այն վարելու են պրոֆեսոր Առնակ Դալալյանն ու պրոֆեսոր Վիկտոր-Էմանուել Բրունելը (Փարիզ)։

6 դասախոսություններից բաղկացած դասընթացն անվճար է եւ առաջարկում է երեք համալսարանական կրեդիտ: Այն կենտրոնանալու է մեքենայական ուսուցման մեջ օգտագործվող մաթեմատիկական գործիքների, հատկապես՝ վերահսկվող ուսուցման հիմնական հասկացությունների վրա:

Գրանցման վերջնաժամկետը փետրվարի 20-ն է, մանրամասների համար անցեք հղումով։