11:48 | 14.02.22 | Նորություններ | 1724

Hexact-ը նոր ռազմավարությամբ կներկայանա

Hexact դատա-ընկերությունը հիմնադրման 3-րդ տարին ամփոփում է 3 հիմնական պրոդուկտ է ներկայացնելով, որոնց օգտատերերի թիվն արդեն գերազանցում է 40 000-ը:

Հիմնական պրոդուկտների՝ Hexometer-ի, Hexowatch-ի եւ ամեն շաբաթ թարմացվող Hexomatic-ի վաճառքների հաշվին ստարտափը տարեկան հասույթի 400% աճ է գրանցել, իսկ աշխատակազմը՝ վերջին տարում մեծացրել 3 անգամ։

«Մինչեւ անցած տարի նոյեմբերին Pre-seed ներդրումների ներգրավումը, ստարտափն ամբողջովին աշխատում ու զարգանում էր սեփական պրոդուկտների վաճառքից ստացած եկամտով»,- ասել է Hexact-ի հիմնադիր տնօրեն Ստեփան Ասլանյանը:

Ընկերության զարգացման տնօրեն Արմեն Ավագ Ավագյանն էլ նշել է, որ Hexact-ը փետրվարի 19-ին կներկայացնի ընկերության նոր կորպորատիվ ոճը եւ ռազմավարությունը:

Ներկայում Hexact-ի 40 հոգանոց թիմն աշխատում է ԱՄՆ-ում, Լեհաստանում եւ մեծ մասը՝ Հայաստանում:

Մինչեւ տարեվերջ նախատեսվում է թիմը հասցնել 100-ի։ Այս պահին ընկերությունը 9 թափուր աշխատատեղ է հայտարարել: