09:27 | 12.02.22 | Հոդվածներ | 2504

FAST-ը, հեքիաթները, «ծովից ծով» ու իրական Հայաստանը

Հայաստանի գիտության եւ տեխնոլոգիաների հիմնադրամը (FAST) փետրվարի 11–ին լրատվամիջոցների ներկայացուցիչների համար ճանաչողական շրջայց եւ «Հայաստանի գիտության եւ նորարարական էկոհամակարգի զարգացման հեռանկարները» թեմայով հանդիպում-քննարկում էր կազմակերպել ։

Հայաստանն ու արհեստական բանականությունը

Արմեն Օրուջյան, FAST-ի հիմնադիր տնօրեն

Երբ գործունեությունը սկսեցինք, մեր առաքելությունն էր էկոհամակարգ ստեղծել եւ ներդրում անել ընդհանուր գիտության մեջ։ Բայց 2021թ․¬–ից հասկացանք, որ հաջողության հասնելու համար պետք է մի քիչ այլ մոտեցում ունենալ։ Սկսեցինք դիտարկել արհեստական բանականությունը (AI/ԱԲ) եւ աշխարհում Արհեստական բանականության ինդեքսի վրա Հայաստանի դիրքի հետ կապված հետազոտություն իրականացնել։ 62–ի երկրից բաղկացած ինդեքում Հայաստանն այս պահին 57–րդ տեղում է, իսկ երկու տարի առաջ ընդհանրապես ներկայացված չէր։

Արմեն Օրուջյանը Արմեն Օրուջյանը
photo © Մեդիամաքս


Արհեստական բանականությունն այն գիտական ուղղությունը չէ, որը հիմնված չէ միայն միլիարդներ ծախսելու վրա, ինչը շատ կարեւոր է Հայաստանի պես սահմանափակ ռեսուրսներ ունեցող երկրի համար։ Մեր նպատակն է Հայաստանին Արհեստական բանականության ինդեքսում բերել «rising star» խմբի մեջ, որտեղ այսօր գտնվում են Շվեդիան, Ֆինլանդիան, Ռուսաստանը։

Հեքիաթներում չապրենք

Արմեն Օրուջյան

Այսօր կարեւոր է, որ հեքիաթներում չապրենք։ Եթե իրականությանը չնայենք, մտածենք, որ ամեն ինչ լավ է, չենք կարող հարցը ճիշտ դնել ու ճիշտ պատասխան ստանալ։ Իրականությունը պետք է տեսնել եւ հասկանալ՝ եթե ներդրում ես անում, ինչի մեջ անել։

Մարդկանց գլխում այսօր կա երկու Հայաստան՝ «ծովից ծով Հայաստան» եւ իրական Հայաստան։ Մարդիկ կան, որոնք իրար հետ անընդհատ շփման մեջ են ու մտածում են, որ ողջ ժողովուրդն այդպիսինն է, կրթված ու խելացի է, սակայն երբ այդ սահմանից դուրս են գալիս, պատկերացումն այլ է լինում։

Կրթական համակարգն ու ուսուցչի դերն այսօր

Արմեն Օրուջյան

Չնայած, որ FAST-ն էլ գիտության եւ տեխնոլոգիայի հիմնադրամ է, բայց մեր հիմնական շեշտը կրթության վրա է։ Ներկայում Հայաստանում ամենաառաջնային խնդիրը կրթությունն է, չկա ավելի կարեւոր խնդիր, քան սա։ Ունենալ կրթված համակարգ, զարգացնել գիտությունը, որպեսզի հնարավոր լինի գիտությունից արդյունք ստանալ, իսկ դրանից օգտվեն բոլորը։ Այն ինչ մենք տեսանք 44–օրյա պատերազմի ժամանակ՝ գիտելիքի պակասն էր, ոչ թե «դուխով տղերքի» կամ տեխնիկայի։

photo © Մեդիամաքս


1980–ականներին, երբ ես դպրոցում էի, ուսուցիչը դասարանում անխոս ամենաշատ գիտելիքն ունեցողն էր։ Հիմա ամեն ինչ փոխվել է, հիմա ուսուցիչը նույնը չի դասարանում, հիմա աշակերտները սմարթֆոնի միջոցով դասարանում կարող են շատ ավելի շատ ինֆորմացիա քաղել, մինչ ուսուցիչը խոսում է։ Սա է իրականությունը, բայց մենք դեռ այն չենք ընդունում։ Ուսուցիչն այսօր ավելի շատ կարող է «մարզիչ» լինել, ով աշակերտին կարող է ավելի շատ առաջ գնալու եւ զարգանալու ուժ տալ։

Նորարարությունը չի կարող լինել ազգային

Սյուզաննա Շամախյան, FAST-ի Ռազմավարական ծրագրերի գծով փոխնախագահ

Չնայած, մեր նպատակն է, որ Հայաստանը թոփ նորարար երկրների ցանկում հայտնվի՝ հատուկ շեշտադրում դնելով արհեստական բանականության վրա, բայց դա միակ ոլորտը չէ, որին հիմնադրամն աջակցում է:

Մենք բազմաթիվ ծրագրեր ենք իրագործել կրթության, գիտության եւ ստարտափերի ուղղությամբ, որոնք անպայման իրենց մեջ գիտական կամ նորարարության տարր պետք է ունենան։

Սյուզաննա Շամախյանը Սյուզաննա Շամախյանը
photo © Մեդիամաքս


Ունենք ծրագրեր, որոնք ուղղված են միջազգային «կամուրջներ» ստեղծելուն, ինչն իրականում եւս շատ կարեւոր է, քանի որ նորարարությունը չի կարող լինել ազգային, այդպիսի գաղափար գոյություն չունի։ Ինչքան շատ տարբեր շուկաների եւ աշխարհագրությունների հետ կապված լինենք, այդքան լավ։ Մենք դիտարկում ենք տարբեր աշխարհագրություններ, միայն Արեւմուտք չենք նայում, այլեւ՝ Ասիա, Աֆրիկա, որոնք հսկայական շուկաներ են։ Հայաստանի աշխարհագրական դիրքի առավելությունը պետք է օգտագործել այս շուկաների հետ կապված։

Ակտիվ գիտնականների քանակը շատ ցածր է

Վերոնիկա Աղաջանյան, FAST-ի Հետազոտական առաջխաղացման ծրագրերի ղեկավար

Գիտական ոլորտի ֆինանսավորման խնդիրն այսօր շատ արդիական է։ Բյուջեն, որը հատկացվում է այս ոլորտին, ԽՍՀՄ փլուզումից հետո կտրուկ նվազել է։  

Վերոնիկա Աղաջանյան Վերոնիկա Աղաջանյան
photo © Մեդիամաքս


Բայց հաճախ շատ ենք կենտրոնանում ֆինանսական խնդիրների վրա, մեզ թվում է՝ եթե ֆինանսական խնդիր չլինի, կամ ինչ–որ մեկը շատ մեծ գումար մեզ տրամադրի, ապա մնացած խնդիրները շատ արագ կլուծվեն, ինչն այդպես չէ։

Գլխավոր խնդիրներից մեկն էլ այն է, որ ակտիվ գիտնականների թիվն է շատ ցածր։ Բացի զուտ քանակից՝ մենք նաեւ արդյունավետության խնդիր ունենք։ Այսօր գիտնականների թիվը ոչ միայն քիչ է, այլեւ նրանց ընդամենը կեսն է շոշափելի արդյունք տալիս ։

Արփի Ջիլավյան

Լուսանկարները՝ Էլեն Գասպարյանի