14:55 | 26.01.22 | Նորություններ | exclusive 3942

COVID-19-ի հետ կապված էլ.սերտիֆիկատներում անձնական տվյալների մի մասն այլեւս տեսանելի չէ

Այսուհետեւ COVID-19-ի դեմ պատվաստման, առողջացման կամ ՊՇՌ հետազոտության/արագ ախտորոշիչ թեստի բացասական արդյունքը հավաստող սերտիֆիկատը սքանավորելիս անձնական տվյալների մի մասը (ծննդյան տարեթիվ, անձնագրի համար) տեսանելի չեն լինի եւ փակված կլինեն աստղանիշներով:

Այս մասին Itel.am-ին ասել է Armed eHealth բջջային հավելվածը սպասարկող «Էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատոր» ընկերության տնօրեն Ավետ Մանուկյանը:

Տեսանելի կլինի միայն ամենաանհրաժեշտը՝  անձի անուն-ազգանունը,  լուսանկարը եւ պատվաստման/թեստի իրականացման ամսաթիվը:

Armed eHealth բջջային հավելվածում արդեն կատարվել են համապատասխան թարմացումները՝  հաշվի առնելով  COVID-19-ով պայմանավորված վերջին սահմանափակումների  կիրառման ընթացքում օգտատերերի  կողմից բարձրացված խնդիրները:

Հավելվածում կատարված մեկ այլ թարմացում վերաբերում է արագ արձագանքման ծածկագրի (QR կոդ) գույներին: Եթե անձի վերջին՝ ՊՇՌ հետազոտության կամ արագ ախտորոշիչ թեստի արդյունքը դրական է, ապա  հավելվածում կարտացոլվի կարմիր գույնի QR կոդ, իսկ մնացած մյուս բոլոր QR-ները, այդ թվում՝ պատվաստումների եւ նախորդ թեստերի, կկորցնեն «կանաչ» գույնը ու կդառնան «մոխրագույն»:

«Այս ընթացքում մենք մշտական կապ ենք պահպանում մեր օգտատերերի հետ: Հետեւում ենք նրանց արձագանքներին, «զանգերի կենտրոնի» եւ սոցիալական մեդիայի հարթակների միջոցով օգնում հավելվածի օգտագործման դժվարություն ունեցող քաղաքացիներին: Նոր իրավիճակները նաեւ նոր լուծումներ են ենթադրում, եւ մենք փորձում ենք ավելի ճկուն լինել: Անձնական տվյալների պաշտպանության հարցը մեզ համար մշտապես գերակա առաջնահերթություն է, ուստի մենք բարձրացված հարցերը քննարկել ենք առողջապահության նախարարի հետ, համատեղ  լուծումներ գտել,  որոնց տեխնիկական իրականացումն արդեն ապահովված է»,- նշել է Ավետ Մանուկյանը: