12:40 | 26.01.22 | Նորություններ | 1497

ՊԵԿ-ը «աննախադեպ քանակի» մաքսանենգ հեռախոսներ է հայտնաբերել

Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) այսօր հայտնել է «աննախադեպ քանակի» հեռախոսների մաքսանենգության դեպքի բացահայտման մասին:

«Հետաքննության եւ օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցներն օպերատիվ տվյալներ էին ստացել, որ նախատեսվում է փոստային ծառայություններ մատուցող ընկերություններից մեկի միջոցով ԵԱՏՄ անդամ պետությունից Հայաստանի Հանրապետության տարածք օդային ուղով, մաքսանենգ ճանապարհով ներմուծել հեռախոսներ:

Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում` «Զվարթնոց» օդանավակայանի «Կարգո» բեռնային համալիրի տարածքում հայտնաբերվել են Ռուսաստանից Հայաստանի տարածք փոստային ծառայություններ մատուցող ընկերություններից մեկի միջոցով մաքսանենգ ճանապարհով ներմուծված հեռախոսները: Հայտնաբերվել է 1328  հեռախոս, որոնց շուկայական արժեքը կազմել է մոտ 600 հազար ԱՄՆ դոլար: Որոշ մոդելները հայաստանյան շուկայում վաճառվում են 600 000-ից մինչեւ 1 200 000 ՀՀ դրամի սահմաններում:  Մաքսանենգ ճանապարհով փորձ է արվել  նաեւ ներկրել մեծ քանակությամբ պլանշետներ, էլեկտրոնային ծխախոտներ եւ հեռախոսների աքսեսուարներ», - ասված է հաղորդագրության մեջ:

ՊԵԿ հետաքննության եւ օպերատիվ հետախուզության վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով: Միաժամանակ հետաքննիչի կողմից նույն օրը որոշում է կայացվել վերը նշված ապրանքներն առգրավելու մասին։

«ՊԵԿ հետաքննության եւ օպերատիվ հետախուզության վարչությունը փոստային ծառայությունների մատուցմամբ զբաղվող ընկերություններին հորդորում է չկազմակերպել, չօժանդակել, ԵԱՏՄ անդամ հանդիսացող պետություններից եւ երրորդ երկրներից մաքսանենգ ճանապարհով ապրանքների ներմուծումներ Հայաստանի Հանրապետության տարածք: Նմանատիպ բոլոր դեպքերում միջոցներ են ձեռնարկվելու  օդային փոխադրողներին եւս միջազգային նորմերին համապատասխան պատասխանատվության ենթարկելու համար», - նշվում է հաղորդագրության մեջ: