15:53 | 21.12.21 | Նորություններ | 7961
Կայացել է Հայաստանի գիտության եւ տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) կողմից իրականացված ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) հայաստանյան գրասենյակի օժանդակ տեխնոլոգիաների զարգացման «Revive» աքսելերացիոն ծրագրի արդյունքների ամփոփման պաշտոնական արարողությունը։
Վետերանների աջակցման «Revive» ծրագիրը ՄԱԶԾ ImpactAim Venture Accelerator-ի նախագծերից է, որն իրականացվել է FAST կողմից՝ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հետ համագործակցությամբ։
«Revive»-ին մասնակցության հայտ էր ներկայացրել 7 երկրի 18 ստարտափ, այդ թվում՝ հայկական ընկերություններ, որոնցից 12-ը մասնակցել են աքսելերացիոն ծրագրին: Մասնակիցները FAST-ի աջակցությամբ լրամշակել են իրենց լուծումները, ծանոթացել տեղական եւ միջազգային շուկա մուտք գործելու, առողջապահական անհրաժեշտ հավաստագրեր ստանալու կարգին, ինչպես նաեւ ստացել խորհրդատվություն բիզնեսի զարգացման այլ ուղղություններով:
Հաղթող ճանաչված չորս ընկերությունները Հայաստանից, Իրանից ու ԱՄՆ-ից են:
Իմպլանտներ արտադրող հայկական AIP Tech ստարտափը ստացել է 7 հազար ԱՄՆ դոլար դրամաշնորհ, մյուս երեքը՝ ամերիկյան Key2Enable-ը, իրանական Sheral-ը եւ հայկական Oqni-ն արժանացել են 2 հազարական ԱՄՆ դոլար պարգեւի:
AIP Tech-ն իմպլանտներ արտադրող հայկական ստարտափ է, որն օգտագործում է 3D տպիչ՝ կենսաքայքայվող եւ բիոակտիվ հարմարեցված իմպլանտներ արտադրելու համար։ Revive ծրագրի կողմից այն կստանա 7,000 ԱՄՆ դոլար դրամաշնորh` արտոնագրի հայտ ներկայացնելու գործընթաց սկսելու համար:
Oqni-ն արհեստական բանականության վրա հիմնված ստորին վերջույթների պրոթեզներ արտադրող հայկական ստարտափ է, որը տրամադրում է նաեւ ինտեգրված վերականգնողական աջակցություն։ Revive ծրագրի կողմից ստարտափը կստանա 2,000 ԱՄՆ դոլար դրամաշնորh` անհրաժեշտ հավաստագրում ստանալու նպատակով մասնագիտական աջակցություն ձեռք բերելու համար: