17:52 | 20.12.21 | Նորություններ | 6202
Արդեն 14 տարի, աուտիզմ ունեցող երեխաներին օգտակար լինելու նպատակով, Վիվա-ՄՏՍ-ն աջակցում է Երեխաների զարգացման միջազգային կենտրոնին (ԵԶՄԿ): Կորպորատիվ սոցիալական պատասխանատվության շրջանակում իրականացվող՝ Վիվա-ՄՏՍ-ի ծրագրերը, գործընկեր կազմակերպությանը թույլ են տալիս առավել արդյունավետ իրականացնել կենտրոնի առաքելությունը. աուտիզմ ունեցող երեխաներին ապահովել նորագույն արդյունավետ թերապեւտիկ ծառայություններով, ուսումնական լավ պայմաններով, զարգացնել երեխաների ինքնուրույնությունն ու բարելավել նրանց եւ ընտանիքների կյանքի որակը:
Կարեւոր համարելով հասարակության այս խմբի հաղորդակցության խնդիրը՝ Վիվա-ՄՏՍ-ը դարձել է կենտրոն հաճախող երեխաների հիմնական աջակիցը: 2007-2021թթ տարիների համագործակցության ընթացքում, ընկերությունը հատկացրել է ավելի քան 189 մլն դրամ՝ կիրառական վարքային վերլուծության սկզբունքների սահմաններում՝ աուտիզմ ունեցող երեխաներին հատուկ վերականգնողական թերապիա տրամադրելու համար:
Երեխաների զարգացման միջազգային կենտրոնն՝ իր գլխավոր գործընկեր Վիվա-ՄՏՍ-ի աջակցության շնորհիվ, 2010 թվականից ներառական կրթական մոդել է ներդրել Մորգենթաուի անվան №126 հիմնական ներառական դպրոցում:
2020 թվականի մարտի ամսից, COVID-19 համավարակի պատճառով, ԵԶՄԿ-ն անցել է հեռավար աշխատանքի: Վիվա-ՄՏՍ-ի աջակցության արդյունքում, արտակարգ պայմաններում՝ կենտրոնին հաջողվել է վերակազմակերպել գործունեությունն ու իրականացնել չափազանց բարդ եւ անհավանական աշխատանք: Պահանջվել են մեծ ջանքեր՝ մասնագետների անմիջական վերահսկողությամբ ծնողներին խորհրդատվությամբ ապահովելու, տեսազանգերով նրանց ուղղորդելու եւ յուրաքանչյուր երեխայի վարքագծում արդյունք ստանալու համար:
Հեռավար հարթակում, հնարավորության սահմաններում, իրականացվել են երեխաների վարքի առցանց դիտարկումներ, տրվել են անհատական ցուցումներ: Իրականացվել են թե՛ մասնագետների, թե՛ ծնողների վերապատրաստման դասընթացներ:
«Խնդիրը, որը դրված է այս կենտրոնի մասնագետների առջեւ՝ բարդ է եւ պատասխանատու: Համավարակը մեծ մարտահրավեր հաղթահարելու նշաձող սահմանեց բոլորիս համար: Հեռավար աշխատանքի առանձնահատկությունները նոր հմտություններ էին պահանջում, եւ դժվար էր պատկերացնել, թե նեղ մասնագետն ինչպես է անմիջական օգնություն ցույց տալու կենտրոնի երեխաներին՝ առանց անմիջական կամ գործիքային միջամտության: Բայց մենք հավատացինք տարիների մեր գործընկերնեին եւ մնացինք նրանց կողքին: Ուրախ եմ արձանագրել, որ դա տվել է իր արդյունքը»,- ասել է Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
2020 թվականի ընթացքում ծրագրում ընդգրկվել է 82 երեխա, որից 20-ը՝ տանն իրականացվող՝ վաղ միջամտության ծրագրում: Մյուսների հետ աշխատանքներ են տարվել կենտրոնում եւ ներառական կրթության շրջանակում: Երեխաներից 14-ը եղել են Արցախից: Ընթացիկ տարում ծրագրում ընդգրկվել է 55 երեխա: