15:51 | 08.12.21 | Նորություններ | 2089

«ԱրմՌոբոտիքս 2021»-ի եզրափակչին կմասնակցի 45 թիմ

«ԱրմՌոբոտիքս 2021» ինքնակառավարվող ռոբոտների Հայաստանի 13-րդ առաջնությանը ներկայացվել է 180 հայտ, որոնցից մրցույթի եզրափակչին մասնակցելու համար ընտրվել է 45 թիմ։

«Մրցույթը կանցկացվի դեկտեմբերի 12-ին` ժամը 10։00-17։00, Դավթաշենում գտնվող «Օլիմպավան» կենտրոնում»,- այսօր հայտնել է «Արմաթ» ծրագրի ղեկավար Սեդրակ Վարդանյանը:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության հանրակրթության վարչության պետ Արսեն Բաղդասարյանը ասել է, որ ստեղծվել է աշխատանքային խումբ, որը կմշակի «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների կարողությունների օգտագործման մեթոդաբանությունը՝ դպրոցում դասավանդվող STEM առարկաների դասավանդման արդյունավետության նպատակով։

Մինչեւ տարեվերջ նախատեսվում է 8 ԱԹՍ լաբորատորիաների հիմնում Հայաստանի տարբեր մարզերում, ինչը հնարավոր է դարձել Կարեն Վարդանյանի կրթական հիմնադրամի, «Արմաթ» խմբավարների եւ տարբեր անհատների ու ընկերությունների կողմից կատարված ներդրումների շնորհիվ։

Պետություն-մասնավոր սեկտոր համագործակցության շրջանակում քննարկվում է մինչեւ տարեվերջ Սյունիքում 14 «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների եւ Կապանում 1 ԱԹՍ լաբորատորիայի հիմնման հարցը։