14:30 | 19.11.21 | Հոդվածներ | exclusive 25884

Օպտիմալ պլանավորում եւ միլիոնների շահույթ․ SkySoft-ը հեղաշրջում է ավիափոխադրումների ոլորտը

Համավարակը հեղաշրջում մտցրեց մի շարք ոլորտների աշխատանքում: Դրանց շարքում է նաեւ ավիափոխադրումների ոլորտը, որտեղ ընկերությունները ստիպված են վերանայել թռիչքների պլանավորման եւ չվացուցակների մշակման իրենց ռազմավարությունն ու ներդնել ավելի նորարար լուծումներ։ Ավիաընկերությունների խնդրի լուծման նոր առաջարկով է հանդես գալիս SkySoft ընկերությունը, որն օգնում է օպտիմալացնել պլանավորման եւ չվացուցակների մշակման գործընթացը՝ գեներացնելով հարյուրավոր միլիոնների շահույթ։

SkySoft-ի գաղափարը ծնվել է ավտոմատացման եւ օպտիմալացման լուծումներ մշակող Optym Armenia ընկերության եւ ճանապարհորդության ոլորտի ՏՏ համաշխարհային մատակարար Amadeus-ի համագործակցությունից։

Ավիաընկերություններին առաջարկվող նոր լուծումների հեռանկարների, ինչպես նաեւ թիմի համալրման մասին Itel.am-ը զրուցել է Optym Armenia-ի եւ SkySoft-ի գործադիր տնօրեն Արթուր Ղուլյանի եւ Amadeus-ի Sky Suite-ի ավագ փոխնախագահ Ռենցո Վակարիի հետ։

Optym Armenia-ի եւ Amadeus-ի մասին

Արթուր Ղուլյան. Optym ընկերությունը, որը զբաղվում է տրանսպորտային ոլորտում որոշումների կայացման ավտոմատացման համակարգերի մշակմամբ, շուկայում արդեն 20 տարվա փորձ ունի։

Այն Հայաստանում արդեն 14 տարի ունի R&D կենտրոն։ Optym Armenia-ում են մշակվում ամենակրիտիկական լուծումները։ Օրինակ Ավստրալիայում հիմա հաջողությամբ գործող հանքարդյունաբերության ոլորտի ծրագրային ապահովումը մեծ մասամբ մշակվել է հենց Հայաստանում։

Ռենցո Վակարի. Amadeus-ում օգնում ենք ավիաընկերություններին բարձրացնել իրենց արդյունավետությունը եւ կատարողականը: Մասնավորապես աշխատում ենք ցանցային պլանավորման եւ չվացուցակների մշակման (network planning and scheduling) ոլորտում։ Օգնում ենք ընկերություններին որոշել՝ երբ, որտեղ եւ ինչ ինքնաթիռով իրականացնել թռիչքը՝ իրենց շահույթն առավելագույնի հասցնելու համար:

Ավելի քանի 5 տարի է, ինչ աշխատում ենք Optym-ի հետ: Մենք մշտապես փնտրում ենք նորարարություններ, նոր տեխնոլոգիաներ եւ նման ծառայությունների մատուցման առումով Optym-ը մեզ համար հրաշալի գործընկեր է:

Հսկայական շահույթ գեներացնող լուծումը

Արթուր. Նոյեմբերի 1-ից Optym Armenia-ի այն թիմը, որն աշխատում էր ավիափոխադրումների ոլորտի ծրագրային ապահովման ուղղությամբ, առանձնացել է եւ դարձել նոր ընկերություն: Խոսքը SkySoft-ի մասին է, որը մասնագիտացված է ավիաընկերությունների համար ծրագրային ապահովման ուղղությամբ:

Արթուր Ղուլյանը Արթուր Ղուլյանը
photo © Մեդիամաքս


Ավիաընկերությունների ոլորտը բավականին պահպանողական է, եւ հեշտ չէ մտնել այդ դաշտ: Բացի այդ, շատ բարդ դոմենի հետ գործ ունենք: Այնուամենայնիվ, այն զարգացման ահռելի հնարավորություններ է տալիս: Մենք կարողացանք այնպես անել, որ այդ հնարավորությունները հասանելի դառնան Հայաստանում: Ունենք տարիների փորձառությամբ հմուտ թիմ, որը կարողանում է իրականացնել ոչ միայն ծրագրային ապահովումը, այլեւ հասկանալ բիզնեսը, դոմենը, աշխատել հաճախորդների հետ եւ արդյունավետ լուծումներ ստեղծել։

Ռենցո. SkySoft-ը ստեղծում է ծրագիր, որն օգնում է ավիաընկերություններին մշակել ավելի լավ ժամանակացույցեր։ Ոլորտի այնպիսի խոշոր խաղացողների համար, ինչպիսիք են United Arlines-ը, Southwest Airlines-ը, Lufthansa Airlines-ը, Air France Airlines-ը, ավելի լավ չվացուցակները հարյուրավոր միլիոն դոլարների արժեք ունեն։

Ռենցո Վակարին Ռենցո Վակարին
photo © Մեդիամաքս


Հենց ժամանակացույցն է այն պրոդուկտը, որը ավիաընկերությունը վաճառում է իր հաճախորդներին։ Թռիչքի ուղղությունը, ժամը որոշում են պոտենցիալ շահույթը, այդ պատճառով էլ սա վճռորոշ դաշտ է արժեքի եւ եկամտի գեներացման տեսանկյունից։

Մրցակցային եւ հեռանկարային

Արթուր. Չնայած ոլորտը բավականին բարդ է եւ միեւնույն ժամանակ մրցակցային՝ մեզ հաջողվել է մտնել շուկա եւ գրավել բավականին լավ դիրք: Մասնավորապես, արդեն իսկ կան մի քանի խոշոր միջազգային ընկերություններ, որոնք օգտագործում են մեր առաջարկած լուծումը։ Դրանցից են Southwest Airlines-ը, LATAM-ը եւ easyJet-ը։ Ծրագրի շնորհիվ հսկայական շահույթի գեներացումը ոչ միայն մեր գնահատականն է, այլ վերցված է իրական փորձից։

Եկամտաբեր պլանավորում եւ վստահություն

Արթուր. SkySoft-ը ստեղծում է ամպային տեխնոլոգիաներով պրոդուկտ, որով լուծում ենք տարբեր տիպի ավիաընկերությունների չվացուցակների պլանավորման եւ գնահատման խնդիրներ։

Ռենցո. Գաղափարը ավիաընկերության կողմից պլանավորման խնդիրը լուծելու ձեւը նորովի հայտնագործելն է։ Մենք առաջարկում ենք նրանց խնդրի համար ավելի լավ տեխնոլոգիա եւ նոր ալգորիթմներ, որոնք կօգնեն ավիափոխադրողներին վերանայել այս խնդրի նկատմամբ իրենց մոտեցումները։

Չվացուցակների պլանավորումը բավականին բարդ մաթեմատիկական խնդիր է, կան բազմաթիվ կոմբինացիաներ։ Դրա համար էլ ավիաընկերությունը պետք է սկսի նախապես կազմված ժամանակացույցով եւ հետո կատարի որոշակի փոքր փոփոխություններ։ Մեր տեխնոլոգիան լիովին տարբեր է։ Այն թույլ է տալիս ավիաընկերությանը յուրաքանչյուր անգամ զրոյից կազմել ժամանակացույցը, որի շնորհիվ հնարավոր է ունենալ ավելի լավ պլանավորում, որն էլ հետո փոխակերպվում է միլիոնավոր դոլարների։

Ռենցո Վակարին Ռենցո Վակարին
photo © Մեդիամաքս


Մենք չենք առաջարկում լոկ շահավետ ժամանակացույցեր, դրանք նաեւ առավել վստահելի են։ Երբ դու վաճառում ես քո պրոդուկտը սպառողին, տալիս ես խոստում, որ նա կոնկրետ ժամի կմեկնի կոնկրետ ուղղությամբ եւ կհասնի ժամանակին։ Մեր նոր տեխնոլոգիան նաեւ ճշտապահությունն է ապահովում։

Թիմի համալրում

Արթուր. Ինչպես ասացի, ոլորտ մտնելը հեշտ չէ։ Դրա համար շատ տարբեր մասնագիտական կարողություններ են պետք՝ սկսած դոմենը հասկանալուց մինչեւ դրա ճիշտ կառավարումը։ Օգտագործվում են բավականին բարդ ալգորիթմներ ու ոչ պակաս բարդ ծրագրային ապահովում։

Մենք նախատեսում ենք ընդարձակել թիմը, որը հիմա բաղկացած է մոտ 40 մասնագետից։ Այժմ ակտիվորեն փնտրում ենք ինչպես սկսնակների, որոնք մեզ մոտ կաճեն, այնպես էլ փորձառու կադրեր։

Արթուր Ղուլյանը Արթուր Ղուլյանը
photo © Մեդիամաքս


Հաստիքներ ունենք Senior եւ ավելի բարձր մակարդակի ծրագրավորողների, algorithm engineer-ների համար։ SkySoft-ում աշխատանքն առանձնահատուկ է, որովհետեւ մասնագետը պետք է կարողանա զուգակցել դոմենի գերազանց իմացությունը տեխնոլոգիական գիտելիքի հետ։ Նման մասնագետների արժեքը շուկայում բավականին բարձրանում է, իսկ ընկերության համար նա շատ կարեւոր դեր է ստանձնում։ Այսօր ընկերությունների համար ամենակարեւորը հենց բիզնես խնդիր լուծելն է՝ հասկանալով հաճախորդի կարիքները։

Հայաստանյան տաղանդները

Ռենցո. Մեզ համար ամենակարեւորը մտավոր ներուժն է, մարդկային կապիտալը, որով էլ մենք հաջողում ենք ստեղծել այսպիսի ալգորիթմներ։ Մենք մշտապես փնտրում ենք տաղանդների, որոնք էլ մեզ օգնում են առանձնանալ մրցակցությունում, ունենալ ավելի լավ տեխնոլոգիա, ավելի լավ գիտություն, որն էլ արտադրվում է տաղանդավոր մարդկանց կողմից։ Այս իմաստով մենք շատ երջանիկ ենք Հայաստանում մեր փորձով, հիացած ենք հայկական տաղանդով եւ ուրախ ենք համալրել թիմը։

Արթուր Ղուլյանը եւ Ռենցո Վակարին Արթուր Ղուլյանը եւ Ռենցո Վակարին
photo © Մեդիամաքս


Մեզ համար նորարարություն նշանակում է լուծել այնպիսի խնդիր, որի մասին հաճախորդը դեռեւս չգիտի։ Դրա համար պետք է կարողանաս քո հաճախորդներից ավելի լավ հասկանալ խնդիրը։ Մեզ անհրաժեշտ է ինքնաբավ թիմ, որը կապահովի ամբողջական գործընթացը՝ խնդրի սահմանում, ծրագրային ապահովման մշակում, թեստավորում եւ տեղադրում, ինչպես նաեւ հաճախորդների հետագա սպասարկում։

Նման ծրագիրն իսկապես անհրաժեշտ է մեր ժամանակներում, քանի որ համավարակը ամբողջովին փոխեց այս ոլորտը։ Այն ստիպեց ավիաընկերություններին գործել միանգամայն այլ կերպ, ավելի արագ լինել որոշումների կայացման գործընթացում։ Մեր առաջարկած լուծումը կօգնի ավիաընկերություններին դուրս գալ այս իրավիճակից։

Յուրաքանչյուր նոր տեխնոլոգիա հասանելի է լինում միայն խոշոր ավիաընկերություններին, սակայն SkySoft-ի առաքելությունն է այն դարձնել բոլորինը։

Գայանե Ենոքյան

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի