17:22 | 23.09.21 | Նորություններ | 5403

Վիվա-ՄՏՍ-ի աջակցությամբ այս տարի Գողթանիկն ամբողջությամբ կլուսավորվի

Վիվա-ՄՏՍ-ը եւ Վայրի բնության ու մշակութային արժեքների պահպանման հիմնադրամն Վայոց ձորի մարզի Գողթանիկ համայնքում ավարտել են բնապահպանական եւ էներգախնայող LED լուսարձակների տեղակայման առաջին փուլի աշխատանքները:

Նախորդ տարի տեղադրվել է 45 LED լուսարձակ, լուսավորվել է  շուրջ 1.7 կմ երկարությամբ ճանապարհահատված: «Էկոգյուղերի ցանց» ծրագրի շնորհիվ գյուղում արդեն իսկ կկիրառվեն ոչ միայն բնության պահպանությանը նպաստող բնահեն լուծումներ, այլեւ՝ հնարավոր կլինի կրճատել համայնքային ծախսերը, իսկ տնտեսված միջոցներն ուղղորդել այլ ծրագրերի իրականացմանը:

Էներգախնայող հերթական համակարգի գործարկմանը  մասնակցել են Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) հիմնադիր Ռուբեն Խաչատրյանը, Եղեգիս համայնքի ղեկավար Արթուր Ստեփանյանը, Գողթանիկ բնակավայրի վարչական ղեկավար Համբարձում Սամվելյանը եւ այլք:

«Առհասարակ, երկարաժամկետ արդյունք ապահովող ծրագրերը շատ կարեւոր են: Դրանք ինչ-որ առումով զարգացման երաշխիք են գյուղերում ապրող մեր հայրենակիցների համար: Իսկ երբ կա այդ վստահությունը՝ մարդիկ մտածում են ոչ թե իրենց բաժին հացն օտար ափերում ստեղծելու, այլեւ հայրենի երկրում ապրելու մասին: Մենք ուզում ենք, որպեսզի հեռավոր համայնքներում ապրող մեր հայրենակիցները վստահ լինեն, որ իրենք մենակ չեն իրենց խնդիրների հետ: Մայրաքաղաքն իր բնույթով ավելի լսելի է: Մարզերը եւս պետք է ուշադրության կենտրոնում լինեն»,- ասել է Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Ընթացիկ տարում նախատեսվում է շարունակել ծրագրի երկրորդ փուլն ու տարեվերջին ունենալ գրեթե ամբողջությամբ լուսավորված գյուղ: Աշխատանքների մեկնարկն արդեն տրվել է, նախատեսվում է տեղադրել եւս 47 LED լուսարձակ եւ լուսավորել 1․8 կմ երկարությամբ ճանապարհահատված: