14:10 | 22.09.21 | Նորություններ | 4694

2006-ից սկսած Վիվա-ՄՏՍ-ը «Օրրան»-ին տրամադրել է $ 986 000

Կայացել է «Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպության հերթական՝ 15-րդ ամենամյա բարեգործական ընթրիքը:

Ամենամյա միջոցառման հիմքում հասարակությանն օգտակար լինելու արժեհամակարգն է, որը կոնկրետ ծրագրերի տեսքով դրսեւորվում է արդեն 21 տարի:

Հավատարիմ գործընկերների աջակցությամբ, «Օրրան» բարեգործական կազմակերպությունը ձգտում է հնարավորինս կրճատել երկրում արձանագրվող մուրացկանության ցուցանիշն ու հոգալ միայնակ տարեցների խնդիրները: Վերջին  տարիներին համավարակի, այնուհետեւ պատերազմի հետեւանքները լրջորեն փոխել են երկրում տիրող սոցիալական պատկերն ու ընդլայնել շահառուների ցանկը: Ընթացիկ տարում ուշադրության կենտրոնում են լինելու նաեւ Արցախից տեղահանված ընտանիքները:

Ընթրիքի ժամանակ հանգանակված գումարն  ամբողջությամբ ուղղվում է «Օրրան»-ի երկու՝ Երեւանի եւ Վանաձորի կենտրոններին: Դա թույլ է տալիս շարունակել «Օրրան»-ի կարեւոր առաքելության իրագործումը. հոգալ կենտրոնների շահառու շուրջ 100  միայնակ տարեցներին եւ կարիքավոր 300 երեխաներին սննդի, կրթական, ձեռարվեստի ուսուցման, մշակութային, սոցիալական, հոգեբանական, ծառայություններ մատուցելու հարցերը:

«Այստեղ հավաքված է մի թիմ, որին հաջողվում է անմնացորդ սիրով եւ գթասրտությամբ նվիրվել հուսահատության մեջ հայտնված մանուկներին եւ տարեցներին, նրանց համար ստեղծել իրականություն, որն ավելի խոստումնալից է եւ հուսադրող: «Օրրան»-ը սովորեցնում է կյանքի դժվարությունները հաղթահարել  լավատեսությամբ եւ կամքի ուժով: Այստեղ դրսեւորվում է ոչ թե խղճահարություն, այլ՝ սեր ու նվիրում: Իսկ այդ ուժը շատ հզոր է»,- նշել է «Օրրան»-ի 21-ամյա գործունեության ընթացքում նրա ծրագրերի հիմնական աջակցող եւ խոշոր նվիրատու կազմակերպության՝ Վիվա-ՄՏՍ-ի  գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Ռալֆ Յիրիկյանը կրկնապատկել է բարեգործական ընթրիքի ընթացքում հանգանակված գումարը՝ նվիրաբերելով 7,3 հազար ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ:

«Օրրան»-ի հետ համագործակցության շրջանակներում, 2006թ. սկսած՝ Վիվա-ՄՏՍ-ը տրամադրել է 986 հազար ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ: Ռալֆ Յիրիկյանի ընտանիքը տրամադրել է ԱՄՆ 50,7 հազար դոլարին համարժեք ՀՀ դրամ: