17:00 | 20.08.21 | Հոդվածներ | exclusive 5273

ՏՏ ոլորտի ոչ ՏՏ մասնագետները. Տաթեւ Մկրտումյան (DISQO)

Տեխնոլոգիական ոլորտը միայն ծրագրավորողներով չի սահմանափակվում, ու այստեղ բոլորը չէ, որ ունեն տեխնիկական կրթություն: Ծրագրավորման ցանկացած ընկերություն կարիք ունի նաեւ այլ մասնագետների, որոնք ապահովում են ընթացիկ կարեւոր գործերն ու ընկերության զարգացումը:

Itel.am-ը որոշել է բացահայտել ՏՏ ոլորտում գործող ընկերությունների՝ ոչ ՏՏ մասնագետներին ու հետաքրքրվել նրանց աշխատանքի մանրամասներով:

25-ամյա Տաթեւ Մկրտումյանը DISQO Armenia-ի հաղորդակցության եւ հանրային կապերի պատասխանատուն է: ՏՏ ոլորտում Տաթեւն աշխատում է 2017 թվականից, կրթությամբ հաղորդակցության եւ հանրության հետ կապերի (PR) մասնագետ է:

Սկիզբը՝ երիտասարդական ու կրթական

Սովորել եմ Հայաստանի Ամերիկյան համալսարանի անգլերեն եւ հաղորդակցություն բաժնում: Աշխատել սկսել եմ ուսանողական տարիներից, հիմնականում կամավորական աշխատանքներ եմ արել:

Եղել եմ Եվրոպական երիտասարդական պառլամենտ - Հայաստանի (EYP Armenia) մշտական անդամ ու որպես PR եւ հաղորդակցության մենեջեր կազմակերպել եմ տարբեր միջոցառումներ: Զուգահեռ նաեւ այլ հասարակական կազմակերպությունների կրթական ու երիտասարդական նախագծերի PR-ով եմ զբաղվել. նման իրական նախագծերի վրա աշխատելով եմ մանրամասն ծանոթացել PR-ին ու որոշել այս մասնագիտությամբ շարունակել:

2016 թվականից կես դրույքով սկսել եմ աշխատել Ամերիկյան համալսարանի կարիերայի կենտրոնում: Այս աշխատանքն ինձ օգնել է ծանոթանալ հայաստանյան աշխատաշուկային, դրա պահանջներին, զարգացումներին: Ավարտական տարվա ընթացքում ինձ համար այս փորձը շատ կարեւոր էր:

Նախագծերից մինչեւ հիմնական գործ

Համալսարանն ավարտելուց հետո որոշեցի տեղական ընկերությունում մարքեթինգային աշխատանք կատարել ու սկսեցի աշխատել արեւային էներգետիկայի ոլորտում գործող մի ընկերության հետ՝ որպես մարքեթինգային նախագծերի ղեկավար:

Ավելի քանի մեկ տարի աշխատելուց ու մեծ փորձ ձեռք բերելուց հետո ընկերներիս առաջարկով սկսեցի ներգրավվել տարբեր նախագծերում, որոնցից մեկն էլ DISQO Armenia-ն էր, ինչն հետագայում դարձավ հիմնական աշխատանք:

Տաթեւ Մկրտումյանը Տաթեւ Մկրտումյանը
photo © Մեդիամաքս



Ընկերներիս միջոցով տեղեկացա, որ Հայաստանում ամերիկյան նոր ընկերություն է բացվում՝ հայազգի հիմնադիրներով։ DISQO Armenia-ի ե՛ւ բրենդն էր նոր, որ վերաբրենդավորվել էր ներդրում ստանալուց հետո, ե՛ւ թիմն էր նոր: Ընկերությունն ուներ թիմի ընդլայնման հավակնոտ պլաններ, ինչի համար էլ հենց բրենդի ճանաչելիություն էր պետք զարգացնել՝ համայնքին ներկայացնելով հնարավորությունների ու հաջողությունների մասին։ Գիտակցում էի, որ աշխատելու եմ զրոյից՝ բրենդի ստեղծման ու զարգացման վրա, ինչպես նաեւ աշխատելու եմ ստարտափային միջավայրում, որն իրենից ենթադրում է տեմպ, ռիսկեր, փոփոխություններ, նոր գործընթացներ, երբեմն նույնիսկ անորոշություն։ Սակայն այս ամենն ինձ շատ գրավեց ու սկսեցի համագործակցել գրասենյակի տնօրեն Թանիա Սահակյանի հետ, ում հետ միասին փորձեցինք տարբեր արշավների միջոցով բարձրացնել DISQO-ի ճանաչելիությունը Հայաստանում:

Սկզբում նախագիծ առ նախագիծ էինք աշխատում, հետագայում դարձա DISQO թիմի անդամ ու մինչ օրս շարունակում եմ լինել DISQO Armenia-ի հաղորդակցության եւ հանրային կապերի պատասխանատուն:

DISQO

DISQO ընկերությունը ստեղծել է մի գործիքակազմ, որի շնորհիվ հավաքագրում է սպառողական տվյալներ՝ փոխարենն օգտատերերին փոխհատուցելով, այնուհետեւ դրանց հիման վրա արված վերլուծությունները տրամադրում աշխարհի խոշորագույն մարքեթինգային, գովազդային ու հետազոտական ընկերություններին:

Տաթեւ Մկրտումյանը Տաթեւ Մկրտումյանը
photo © Մեդիամաքս



Ստեղծման օրից ի վեր մեր պլատֆորմում գրանցվել են շուրջ 20 մլն օգտատերեր, որոնց հետ հարցումների արդյունքում հավաքագրում ենք իրենց կարծիքային ու պահվածքային տվյալները, միահյուսում իրար ու տալիս վերլուծություն, թե ինչպես ավելի արդյունավետ կառավարել գովազդները ու բարելավել մարքեթինգային արշավները:

DISQO Armenia-ում ես, մասնավորապես, զբաղվում եմ գործատուի բրենդի առաջխաղացմամբ եւ դրան առընթեր մարքեթինգային նախագծերով:

Նաեւ թղթակից

Քանի որ, ի սկզբանե, իմ գործի մի մասը ոլորտում ՏՏ լրագրողների հետ աշխատանքն էր, ընթացքում խորապես ծանոթացա նաեւ ՏՏ լրագրությանը ու հասկացա, թե ինչքան քիչ են Հայաստանում ՏՏ թեմաները լուսաբանող լրագրողները: Ուստի որոշեցի ինքս էլ ներգրավվեմ այս գործում ու հաճախակի գրեմ Հայաստանում տեխնոլոգիական ոլորտի զարգացման մասին:

Համագործակցում եմ EVN Report-ի հետ ու որպես թղթակից անգլերեն հոդվածներ եմ գրում ոլորտի մասին: Հատուկ եմ գրում անգլերենով, քանի որ Հայաստանում ՏՏ ոլորտի մասին պատմող անգլերեն հոդվածները նույնպես քիչ են:

Տաթեւ Մկրտումյանը Տաթեւ Մկրտումյանը
photo © Մեդիամաքս



Ես հայտնվել եմ տեխնոլոգիական ոլորտում՝ չունենալով տեխնիկական կրթություն, իմ ընտանիքի անդամները նույնպես տեխնիկական կրթություն չունեն. այս ոլորտում իմ հետաքրքրության պատճառը դարձել է իմ շարունակական աշխատանքը ոլորտի ներկայացուցիչների հետ: Ի սկզբանե, ոլորտում աշխատող իմ ընկերների հետ քննարկումների արդյունքում եմ ներգրավվել այս ամենի մեջ ու փորձել եմ մշտապես հետեւել ոլորտի նորություններին եւ կարեւոր թեմաներին: Հաճախ նույնիսկ այնպիսի միջոցառումների եմ գնացել, որոնց հետ ես ընդհանարապես կապ չեմ ունեցել, պարզապես ցանկացել եմ ճանաչել տեխնոլոգիական ոլորտի մարդկանց ու կապեր հաստատել նրանց հետ:

Ծրագրավորողների նման

Քանի որ երկար ժամանակ է՝ աշխատում եմ ինժեներների ու ծրագրավորողների հետ, ինքս էլ շատ հաճախ սկսում եմ նրանց նման մտածել:

Առաջին հմտությունը, որ ձեռք եմ բերել այստեղ աշխատելով, «ինժեներական մտածողությունն» է՝ 15 րոպեում որեւէ մեծ խնդրին լուծում տալու հմտությունը՝ ինչպես անում են մեր մասնագետները:

Իմ աշխատաոճի մեջ ավելացել է նաեւ կատարածի արդյունքը չափելու հմտությունը. քանի որ DISQO-ի պրոդուկտի հիմքը տվյալն է, մեզ մոտ ամեն ինչ պետք է չափելի լինի: Արածիդ արդյունքն ամեն անգամ չափելու հմտությունն ինձ շատ է օգնում ընկերության հաղորդակցությունը պրոֆեսիոնալ կազմակերպելու գործում:

Բոլորի աշխատանքը՝ հավասար կարեւոր

ՏՏ ընկերություններում, իսկապես, շատ կարեւոր են ոչ տեխնիկական մասնագետների աշխատանքը. չէ՞ որ եթե, օրինակ, նախագծերի ղեկավարը լավ չկառավարի նախագիծը, պրոդուկտն առաջխաղացում չի ունենա, մինչդեռ ընկերությանը գումար բերում է հենց պրոդուկտը: Եթե մարդկային ռեսուրսների մասնագետը ընկերությունում չստեղծի այն միջավայրը, որտեղ մարդիկ կուզենան գալ ու աշխատել, ընկերությունը լավագույն կադրերին չի ունենա, եւ չի ստացվի լավագույն արդյունքն ու եկամուտը: Նույնն էլ իմ մասնագիտության դեպքում է, եթե ես թերանամ իմ աշխատանքում ու լավ ձեւով չմատուցեմ տեղեկությունը, քիչ մարդիկ կիմանան ընկերության մասին, քչերը կհետաքրքրվեն մեզնով ու կներգրավվեն ընկերության նախագծերում:

Տաթեւ Մկրտումյանը Տաթեւ Մկրտումյանը



Աշխարհում հիմա նույնիսկ ծրագրավորողների աշխատանքն է ավտոմատացվում, միակ բանը, որ չի ավտոմատացվում, մարդկային «սոֆթ» հմտություններն են՝ ստեղծարարությունն ու մարդուն հասկանալը: Հումանիտար կրթություն ունեցող մասնագետների դերը ՏՏ-ում հենց մարդկային արժեքը հասկանալն է, պահպանելն ու այն վերջնական պրոդուկտի ձեւով մատուցելն է:

Շատերն են խուսափում այս ոլորտ մտնել, կարծելով՝ եթե չունեն տեխնիկական կրթություն, ոլորտում իրենց համար տեղ չի գտնվի: Մինչդեռ անգամ ստեղծարար մարդն, ում աշխարհը միայն երեւակայական է, տեղ ունի այստեղ, քանի որ նա էլ կարող է դիզայների աշխատանք կատարել ու իր շնորհը զարգացնել:

Հայաստանում ոլորտի հնարավորությունները շատերն են սահմանափակ տեսնում ու բավականին պահանջված մասնագիտություններով, ինչպիսին է օրինակ տեխնիկական գրողը, զարմանալիորեն չեն հետաքրքրվում, մինչդեռ դրանք են հիմա ամենապահանջված ու եկամտաբեր մասնագիտությունները:

Ամալի Խաչատրյան
Լուսանկարները՝ Էլեն Գասպարյանի