16:32 | 28.07.21 | Հոդվածներ | exclusive 4296

Կարեն Վարդանյանի իդեան, հաջող դրամահավաքը եւ Լեռնապատի ապագա կենտրոնը

Հուլիսի 27-ին ավարտվեց Հայաստանում ԱԹՍ օդանավակայան կառուցելու դրամահավաքը։ Հուլիսի 12-ին մեկնարկած դրամահավաքին մասնակցեց 2839 նվիրատու: Հանգանակվեց 115 035 դոլար՝ սահմանված 110 286 դոլարի փոխարեն։  Դրամահավաքը կազմակերպել էին Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (UATE), «Կարեն Վարդանյանի անվան կրթական հիմնադրամը» եւ «Startup Armenia» հիմնադրամը։ Նախագծի մանրամասները Մեդիամաքսը ճշտել է «Կարեն Վարդանյանի անվան կրթական հիմնադրամի» տնօրեն Սուրեն Վարդանյանից։
 
«2015 թվականին Կարեն Վարդանյանն ասել էր. «Հենց վաղը պաշտպանության նախարարը պետք է ԱԹՍ զորքեր ստեղծելու մասին հրաման արձակի, որպեսզի մենք կարողանանք դիմակայել պատերազմում»։ Այդ խնդրանք-առաջարկը մերժվեց, իսկ պատերազմն ապացուցեց, թե ինչ հիմնավոր էր Կարենի պահանջը։ Պատերազմը ամբողջովին բացահայտեց, թե մենք ինչպես ենք «կաղում» ժամանակակից մտքի ու տեխնոլոգիաների հարցում», - ասում է Սուրեն Վարդանյանը։
 
Վանաձորից 5 կմ դեպի հյուսիս–արեւմուտք գտնվող Լեռնապատ գյուղում ԱԹՍ-ների կառուցվող օդանավակայանը առաջինը կլինի Հայաստանում։ Այն կրելու է Կարեն Վարդանյանի անունը։

«Երկու ամիս Լոռու մարզում շրջելուց հետո այցելեցինք Լեռնապատ գյուղ։ Տարածքը սարերով շրջապատված հարթավայր է, շատ լավն է ճանապարհը, մոտ է Վանաձորին։ Այս ամենը հաշվի առնելով վերջնական ընտրությունը կանգ առավ հենց այս տեղանքի վրա», - պատմում է Սուրեն Վարդանյանը։


«Կարենը հաճախ էր ասում, որ մարզերի երեխաների ուղեղն ավելի ճկուն է՝ ծանրաբեռնված լինելով առօրյա հոգսերով՝ նրանք ավելի նպատակասլաց եւ աշխատասեր են։ Շարունակելով Կարենի գործը, հիմնադրամը նման կառույց ստեղծելու որոշում կայացրեց, որպեսզի նպաստենք ապակենտրոնացված տեխնոլոգիական կրթության տարածմանը։ Կենտրոնն ինքն իրենով կարող էր գործել, բայց երեխան չի կարող ԱԹՍ պատրաստել, եթե չունի տարածք փորձարկումների համար։ Խնդրին լուծում էր պետք տալ»։

Օդանավակայանը ծառայելու է որպես տեխնիկական բազա բոլոր այն մարդկանց համար, որոնք զբաղվում են ԱԹՍ-ով։ Նրանք կկարողանան տեղում ԱԹՍ-ին առաջադրել խնդիրներ, կատարել փորձարկումներ։ Թռիչքուղին հետագայում կարող է դառնալ ամբողջական ԱԹՍ օդանավակայան, եւ կծառայի որպես Հայաստանում գործող ԱԹՍ խմբակների, մասնագիտական ընկերությունների կենտրոն։


«Կարենը մշտապես ասում էր, որ ԱԹՍ-ի գործում թիմային աշխատանքն ամենակարեւորն է: Մարդիկ, ովքեր իրենց ուսերին կրելու են ազգի վերածնունդը, պետք է միանան, որպեսզի իրար ուժ տան։ Գիտելիքն ամրապնդելու ու հիմնելու համար թիմ է պետք, թիմային աշխատանք, եւ սա շատ լավ նախադրյալ կարող է դառնալ», - նկատում է Սուրեն Վարդանյանը:

Լուսին Մկրտչյան