15:30 | 03.08.21 | Նորություններ | 2247

«Տելեկոմ Արմենիա»-ն IP հեռուստատեսության նոր պլատֆորմ կունենա

«Տելեկոմ Արմենիա»-ն (ապրանքանիշը՝ Beeline) որոշում է կայացրել արդիականացնել առկա համակարգը եւ գործարկել հեռուստատեսային ծառայությունների նորացված պլատֆորմ:

ATEME ընկերությունն այսօր հայտնել է «Տելեկոմ Արմենիա»-ի  հետ նոր պայմանագրի կնքման մասին:

«Մեզ անհրաժեշտ էր հզոր, մասշտաբային ենթակառուցվածք վիդեո բովանդակություն մատուցելու համար: ATEME-ն ընտրվել է որպես վերջնական OTT լուծումների միասնական մատակարար ՝ ալիքների ընդունումից մինչեւ բովանդակության առաքման ցանց: Մենք նախատեսում ենք բարելավել մեր հեռուստատեսային պլատֆորմի աշխատանքը այնպիսի լուծումներով, որոնք կբարձրացնեն հիբրիդային IPTV / OTT ծառայությունների գործառնական արդյունավետությունը եւ հիմք կդառնան ապագայում նոր ձեւաչափերով հեռարձակման հնարավորությունների ներդրման համար: Բացի այդ, ATEME ընկերության լուծումներն ունեն այնպիսի առավելություններ, ինչպիսիք են տեսանյութերի բարձր որակը եւ տրաֆիկի խնայողականությունը՝ առանց որակի կորուստի: Նոր պլատֆորմը մեզ հնարավորություն կտա HD եւ UHD (4K) հեռուստատեսային բովանդակություն հասցնել հաճախորդին բարձր որակով եւ նվազագույն ուշացումներով», - ասել է «Տելեկոմ Արմենիա» ընկերության տեխնիկական տնօրեն Գեւորգ Գեւորգյանը:

Ձեռք բերված համակարգը ներառում է TITAN պլատֆորմը՝ տվյալների սեղմման, ալիքների ստեղծման եւ ընդունման, NEA-ն՝ տվյալների ձեւավորման համար, տեսանյութ ըստ պահանջի (VOD), հետաձգված դիտման տեխնոլոգիա եւ CDN՝ բովանդակության առաքման ցանց:

ATEME-ն հեռուստատեսային ծառայություններ մատուցողներին տրամադրում է IPTV եւ OTT ցանցերում տվյալների հոսքերի տեղափոխման միասնական հարթակ՝ հնարավորություն տալով օպտիմալացնել գործընթացները եւ բարձրացնել համակարգի արտադրողականությունը: