16:39 | 30.07.21 | IT մարզեր | exclusive 32263

IT մարզեր. Գեղարքունիքի առաջին IT գործատուն, Tesvan-ը եւ AIST Global-ի առաջին քայլերը

Հայաստանի մարզերում տեղեկատվական տեխնոլոգիաների «հաստատումը» կարող է զգալի նշանակություն ունենալ համայնքների զարգացման, կրթական ծրագրերի արդիականացման եւ երիտասարդների համար ՏՏ ոլորտում հեռանկարային աշխատատեղերի ապահովման գործում։

ITel.am-ը «IT մարզեր» շարքում ներկայացնում է մարզերում ՏՏ ընկերությունների գործունեությունը, իրականացվող ծրագրերն ու դասընթացները: Շարքի հերթական նյութը կկազմի Գեղարքունիքի մարզի թվային պատկերը:

Մարզի բնակչության թվաքանակը 2020թ. տարեսկզբի դրությամբ կազմում է 227.7 հազար մարդ:

Մարզի առաջին IT գործատու Luseen Mobile-ը

Ստարտափային վիճակից մեկնարկած եւ արդեն ոլորտում հաստատուն դիրք ունեցող Luseen Mobile ընկերությունը Գավառ քաղաքում իր գործունեությունը սկսել է 2015 թվականի մարտից:

Ընկերությունը մատուցում է ծառայություններ բարձր տեխնոլոգիաների ոլորտում՝ ծրագրային արտադրանքների թողարկում, ծրագրային ապահովում, խորհրդատվություն:

«2015թ.-ին մարզում մենք առաջին IT գործատուն էինք, բայց այս տարիների ընթացքում ոլորտի առաջընթացը Գեղարքունիքում նկատելի է դարձել: Ոլորտի զարգացման վրա մեծ ազդեցություն են ունեցել նաեւ «Արմաթ» ինժեներական լաբորատորիաները եւ մարզի միակ բուհական հաստատությունը՝ Գավառի պետական համալսարանը»,- Itel.am-ի հետ զրույցում ասել է Luseen Mobile ընկերության տեխնիկական տնօրեն Վարազդատ Ավետիսյանը:

Վարազդատ Ավետիսյանը Վարազդատ Ավետիսյանը


10 հոգանոց թիմից բաղկացած ընկերությունն այս տարիների ընթացքում սեփական նախագծերը ստեղծելուց բացի՝ հասցրել է տեղացի եւ արտասահմանցի պատվիրատուների հետ կայուն համագործակցություն հաստատել:

«Luseen Mobile-ը 3 ուղղվածություն ունի. առաջինը սեփական նախագծերն են, որոնք միջոցով մեզ աշխատաշուկայում ճանաչեցին: Հաջորդը տեղական շուկայի պատվիրած նախագծերն են` Yerevan Events-ը, Prom Test լաբորատորիայի հավելվածը, «Սփյուռ»-ի հավելվածի սպասարկումը:

Երրորդը՝ միջազգային շուկայի պատվերներն են: Գերմանական շուկայի համար տաքսիի մոբայլ հավելված ենք ստեղծել, Մոսկվայի համար՝ կայանատեղիի մոբայլ հավելված: Ներկայում աշխատում ենք նաեւ չինական շուկայի համար»,- նշել է Վարազդատ Ավետիսյանը:


Luseen-ի գործուներությունը մարզում այսքանով չի սահմանափակվում: Ընկերությունը միջոցներ եւ կապեր է գտնում՝ մարզում անվճար ծրագրավորման դասընթացներ, համայնքային հանդիպումներ, քննարկումներ, ոլորտի կառույցների ներկայացուցիչների փոխայցելություններ կազմակերպելու համար:

Սեւանի Tesvan-ը

Մարզում տեխնոլոգիական կյանքի զարգացման համար կարեւոր հիմք է դրել 2020 թվականի հունվարից Սեւանում գործող Tesvan ընկերությունը:

Tesvan-ն այս պահին 23 աշխատակից ունի, որոնց հիմնական մասը Սեւանից են: Ընկերության համահիմնադիր Դավիթ Գրիգորյանը նշել է, որ նպատակ ունեն մինչ 2024 թվականը աշխատակիցների թիվը հասցնել 40-ի:

Tesvan-ի թիմը Tesvan-ի թիմը


«Զբաղվում ենք մեծ եւ փոքր կազմակերպությունների համար որակի թեստավորման ընդարձակ համակարգերի ստեղծմամբ, որպեսզի երաշխավորենք մոդելների եւ հաճախորդների սպասարկման բարձր որակը։ Համագործակցում ենք ինչպես տեղական, այնպես էլ արտասահմանյան պատվիրատուների հետ։ Ստանում ենք պատվերներ ԱՄՆ-ից, Բելգիայից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Ռուսաստանից»,- նշել է ընկերության համահիմնադիր Դավիթ Գրիգորյանը:

AIST Global-ը՝ դեպի Վարդենիս

Վարդենիսում նախատեսում է մասնաճյուղ բացել վեբ եւ բջջային ծրագրային լուծումներ առաջարկող AIST Global ընկերությունը: 2016 թվականից Երեւանում գործող ընկերությունը Վարդենիսում մասնաճյուղ բացելու գործնական քայլերն արդեն սկսել է:

«Տարածքն ընտրել ենք, թիմը հավաքվում է, մնացել են որոշ համակարգման հարցեր եւ մասնաճյուղը կբացվի»,- հայտել է AIST Global-ի թվային մարքեթինգի մասնագետ Շուշանիկ Շահբազյանը:


Տեղական եւ միջազգային շուկայի համար IT ծառայություններ է մատուցող AIST Global-ը նախագծեր է մշակել ARARAT Երեւանի կոնյակի գործարանի եւ մի քանի գինոգործական ընկերությունների համար: Իսկ վերջին ամենամեծ նախագիծը «կրթություն առանց սահմանների» նշանաբանով Uteach հարթակի գործարկումն է, որը հնարավորություն է տալիս րոպեների ընթացքում օնլայն ուսուցման պրոֆեսիոնալ դպրոց բացել աշխարհի ցանկացած ծայրից:

Գավառի Tumo տուփն ու «Արմաթ»-ի լաբերը

Տեխնոլոգիաների ոլորտում Tumo-ի կրթական ծրագրերը հասել են նաեւ Գեղարքունիք: 2020 թվականին դեկտեմբերի 18-ին Գավառում բացված Թումո տուփը մարզի պատանիների համար հասանելի է դարձրել կենտրոնի կրթական ծրագիրը:


Պատանիները ծրագրի ինքնուսուցման փուլը Գավառի Թումո տուփում անցնելուց հետո, ուղեւորվելու են Թումո Դիլիջան՝ մասնագիտացված դասընթացներին մասնակցելու համար:

Tumo կենտրոնի հաղորդակցության բաժնի ղեկավար Զառա Բուդաղյանը հայտնել է, որ նախատեսվում է մարզում եւս մեկ տուփ բացել՝ Սեւանում:


2012 թվականից էլ Գավառում «Արմաթ»-ի ինժեներական առաջին  լաբորատորիաներն են բացվել: Մարզում այժմ դպրոցահասակների համար ինտերակտիվ արտադասարանական դասընթացներ ապահովող լաբորատորիաների թիվը հասնում է 49-ի:

Կարդացեք նաեւ. IT մարզեր. Լոռին «խելացի» դարձնող «Արմաթ»-ը, VTC-ը, COAF-ն ու Synergy-ն

Կարդացեք նաեւ. IT մարզեր. Տավուշը տեխնոլոգիաներին կապող Digital Wave-ը, Vectre-ը, Tumo-ն եւ «Արմաթ»-ը

Արփի Ջիլավյան