09:46 | 10.07.21 | IT մարզեր | exclusive 53210

IT մարզեր. Տավուշը տեխնոլոգիաներին կապող Digital Wave-ը, Vectre-ը, Tumo-ն եւ «Արմաթ»-ը

Հայաստանի մարզերում տեղեկատվական տեխնոլոգիաների «հաստատումը» կարող է զգալի նշանակություն ունենալ համայնքների զարգացման, կրթական ծրագրերի արդիականացման եւ երիտասարդների համար ՏՏ ոլորտում հեռանկարային աշխատատեղերի ապահովման գործում։

ITel.am-ը «IT մարզեր» շարքում ներկայացնում մարզերում ՏՏ ընկերությունների գործունեությունը, իրականացվող ծրագրերն ու դասընթացները: Շարքի հերթական նյութը կկազմի Տավուշի մարզի թվային պատկերը:

Մարզի բնակչությունը 2018թ. հունվարի 1-ի դրությամբ կազմում է 132 հազար մարդ:

7 տարեկան Vectre-ը

Մարզում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն ծավալող հնաբնակներից է Vectre ընկերությունը: Այն բացվել է Իջեւան քաղաքում՝ 2014 թվականին: Ընկերությունն աշխատում է ամենատարբեր նախագծերի վրա՝ սկսած պարզ վեբ կայքերից մինչեւ բարդ լուծումներ պահանջող վեբ ծրագրեր։

Դավիթ Զուրաբյանը Դավիթ Զուրաբյանը



«Իջեւանն ընտրեցինք ոչ միայն մարզում ՏՏ ոլորտը զարգացնելու, այլեւ երիտասարդ մասնագետներին տեղում պահելու նպատակով: Մարդկանց մեջ ուզում ենք այն գաղափարը ամրագրել, որ սովորեն եւ մնան մարզում»,- Itel.am-ի հետ զրույցում նշել է ընկերության ղեկավար Դավիթ Զուրաբյանը:

Vectre-ի թիմում բոլորը տավուշցի են:



«Այս պահին էլ հիմնական աշխատողների թիվը մեծացնելու նպատակով անցկացնում ենք վեբ ծրագրավորման անվճար դասընթացներ եւ այն հաջողությամբ ավարտած լավագույններին ընդգրկում հիմնական թիմում»,- ասել է Դավիթը:

Սեփական պրոդուկտը նախագծող Digital Wave-ը

Digital Wave ընկերությունը մարզկենտրոնում գործում է 2019 թվականից: Ընկերության հիմնադիր Արտաշես Թովմասյանը Իջեւանում ՏՏ ընկերություն բացելու համար հաշվի է առել ԵՊՀ մասնաճյուղի Կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի առկայությունը եւ մարդկային ռեսուրսի հնարավորությունները:

«Այստեղ ընկերություն հիմնելով ուզում ենք իջեւանցի ուսանողներին հնարավորություն տալ սովորել, աշխատել եւ մնալ հայրենի քաղաքում: Այս պահին բացի տավուշցի աշխատակիցներից՝ նաեւ գյումրեցի ունենք մեր թիմում: Բացի հիմնական աշխատակիցներից՝ ընկերությունում ներառում ենք նաեւ ուսանողների, որոնք շուրջ 6 ամիս մեզ մոտ ինտենսիվ պարապում են ծրագրավորման տարբեր լեզուներ, ճարտարապետություն, տվյալների բազաների հետ աշխատանք»,- նշել է հիմնադիրը:

Digital Wave-ը ընկերությունների համար իրականացնում է տարբեր ծառայություններ՝ Database Solutions, Remote Database Administration եւ Operating Systems Management Services:


 
«Այս պահին աշխատում ենք նաեւ երթեեւկության կանոնակարգման հետ կապված սեփական պրոդուկտի նախագծման վրա: Նպատակն է ստեղծել սմարթ քաղաքին համապատասխանող լուսացույցների ցանց, որը կկանոնակարգի երթեեւկությունը, կնպաստի խցանումներից ձերբազատմանը: Հույս ունեմ, որ այն մեկ տարուց արդեն կկիրառեն Երեւանում»,- նշել է Արտաշես Թովմասյանը:

Tumo Դիլիջանը՝ հանգույց-կենտրոն

Տավուշցի պատանիներին ՏՏ ոլորտում կրթություն ստանալու հնարավորություն է ընձեռնել Tumo-ն: 2013 թվականից Դիլիջանում բացված կենտրոնը կրթություն է տրամադրում հարյուրավոր պատանիների, որոնց մի մասը այնտեղ է հաճախում հեռավոր գյուղերից։



Բայց այսքանով Tumo-ն Տավուշում իր առաքելությունը չի ավարտել: 2020 թվականի դեկտեմբերից Tumo տուփ է բացվել Բերդ քաղաքում, որը հնարավորություն է տալիս տեխնոլոգիաների ոլորտներում կրթությամբ ապահովել տարեկան շուրջ 300 պատանու, որոնք ինքնուսուցման փուլը Բերդում անցնելուց հետո՝ դասընթացներին ու աշխատարաններին մասնակցելու համար մեկնելու են ամենամոտ Թումո հանգույց-կենտրոն՝ Դիլիջան:

Tumo տուփը՝ Բերդում Tumo տուփը՝ Բերդում



Առաջիկայում նախատեսվում է եւս մեկ կենտրոն բացել սահմանամերձ Կողբ գյուղում: Այն կտեղակայի 1000 պատանու Կողբից, Նոյեմբերյանից, Բերդավանից եւ այլ բնակավայրերից։

Tumo Կողբի շինարարական աշխատանքները Tumo Կողբի շինարարական աշխատանքները



«Արմաթ»-ի ինժեներական բաղադրիչը

Տավուշի կրթական հաստատություններում Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) 78 «Արմաթ» ինժեներական լաբորատորիա է գործում, որտեղ մարզի 10-18 տարեկան պատանիները սովորում են ծրագրավորում, ռոբոտաշինություն, 3D մոդելավորում եւ տպագրություն, շաղափային եւ լազերային փորագրություն:

«Արմաթ»-ի գործունեությունը մարզում այս տարի ավելի է ընդլայնվել: 2021թ. հունիսի 6-ին Դիլիջանի Մ. Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում բացվել է «Արմաթն օդում» անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) առաջին կրթական աշխատանոցը:



Աշխատանոցները նախատեսված են 15-18 տարեկան տղաների եւ աղջիկների համար։ Դրանցում պատանիները ստանալու են ԱԹՍ-երի աշխատանքի տեսական գիտելիքներ, յուրացնելու են դրանց նախագծման ու պատրաստման, ծրագրային ապահովման, տեխնիկական սպասարկման եւ կառավարման առանձնահատկությունները։

«ԱԹՍ-երի կրթական աշխատանոցի ծրագիրն «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների ծրագրի զարգացման ուղղություն է: Այսպիսի աշխատանոցներ նախատեսվում է բացել նաեւ Իջեւան, Բերդ եւ Նոյեմբերյան քաղաքներում»,- նշել է Տավուշում «Արմաթ» լաբորատորիաների համակարգող Հովիկ Բեգլարյանը:

GITC-ի դասընթացները՝ Տավուշում

Գյումրիի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնը (GITC) կրթական գործունեությունը չի սահմանափակել Շիրակի մարզով: Կենտրոնը 2019 թվականից Հայ օգնության ֆոնդի համաֆինանսավորմամբ տեխնոլոգիական ոլորտի մասնագիտացված կրթական ծրագրեր է իրականացնում նաեւ Իջեւանում:

Դասընթացներն իրականացվում են երկու ուղղությամբ՝ մոբայլ ծրագրավորում (C, C++, Swift, iOS, OOP Design Patterns) եւ վեբ ծրագրավորում (HTML/CSS, Core JS, jQuery, Node.js, MongoDB, Angular JS, React JS):



Ապրիլից Տավուշում GITC-ը մեկնարկել են նաեւ ծրագրավորման անվճար դասընթացներ պատերազմի մասնակիցների եւ կամավորների համար։

Մասնակիցները սովորում են HTML/CSS, JavaScript, PHP, Data Base, Դիսկրետ մաթեմատիկա, Ալգորիթմների տեսություն, ինչի շնորհիվ էլ կարողանում են ձեւավորել եւ նախագծել վեբ կայքեր, առանձին էջեր եւ հավելվածներ։

Կարդացեք նաեւ. IT մարզեր. Լոռին «խելացի» դարձնող «Արմաթ»-ը, VTC-ը, COAF-ն ու Synergy-ն

Արփի Ջիլավյան