11:47 | 23.07.21 | Հարցազրույցներ | exclusive 28990

Կարեն Քեռյան. Նշաձողը պետք է լինի ոչ թե Հայաստանը, այլ գլոբալ աշխարհը

Հայաստանում գիտնականների սերնդափոխությունը լուրջ մարտահրավեր է, ինչն իր հետ բերում է մի շարք խնդիրներ, այդ թվում՝ ապագայում գիտահեն ընկերությունների ստեղծումը։ Այդ խնդիրների ակունքների, ինչպես նաեւ լուծման ու զարգացման հեռանկարների շուրջ Itel.am-ը զրուցել է Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ, ԵՊՀ Մաթեմատիկայի եւ մեխանիկայի ֆակուլտետի դասախոս Կարեն Քեռյանի հետ։  

Գիտության վրա հենվելու պահանջը

Բարձր որակավորում ունեցող մասնագետների լուրջ խնդիր կա այսօր, եւ այդ խնդրի ակունքները շատ տարբեր տեղերում են՝ սկսած այն բանից, որ մեր ուսանողներն առաջին երկրորդ կուրսից կարող է աշխատեն: Իհարկե, աշխատանքը շատ լավ բան է, բայց երբ ամբողջ դրույքով են աշխատում, պարզապես հնարավորություն չեն ունենում իրենց գիտելիքները խորացնելու եւ ուղեղը զարգացնելու համար։

Արդյունքում՝ նրանք չեն ունենում, օրինակ, տարբեր հոդվածներ կարդալու, ալգորիթմները հասկանալու եւ իրագործելու, իրենց իրավիճակին հարմարեցնելու, ինչու ոչ, այդ ալգորիթմները գերազանցելու ունակություններ։ Խորը գիտելիքները հնարավորություն են տալիս նոր ալգորիթմներ ստեղծելու, իսկ ստեղծագործական աշխատանք անելը շատ կարեւոր է, որովհետեւ եթե պարզապես «քոփի-փեյստեր» եւ որոշակի փոփոխություններ են արվում, բնականաբար, ինչ-որ վերին շեմ է սահմանվում՝ թույլ չտալով շատ ավելի մեծ բարձունքների հասնել:

Գիտահեն եւ ոչ գիտահեն ընկերությունների տարբերությունը այստեղ է. գիտահեն ընկերությունները պաշտպանվում են հենց իրենց արտադրանքով, որպեսզի  ուրիշներին հեշտ չլինի նույնը կրկնօրինակել: Այսինքն՝ իրենց փոխարինելը շատ ավելի դժվար կլինի, իրենք միշտ մի քանի քայլ առաջ են ուրիշներից, եւ դրանով իսկ ապահովում են իրենց զարգացումը: Ոչ գիտահեն ընկերությունները պարզապես սպասարկող են, ինչը, իհարկե, շատ կարեւոր է էկոհամակարգի համար, բայց այնտեղ գիտահեն բաղադրիչը շատ ավելի քիչ է, հետեւաբար՝ հնարավորությունները եւս:

Ապագայի լուրջ մարտահրավերն ու ազդակները

Ապագայում գիտահեն ընկերություններ ունենալու խնդիր կա, միանշանակ, որովհետեւ մեզ մոտ գիտնականների տարիքը բավական մեծ է, սերնդափոխություն, մեծ հաշվով, չի լինում: Իհարկե, երիտասարդների հոսք կա, բայց այն քանակի չէ, որ ապահովի կյանքից հեռացող գիտնականների տեղը, էլ չասած իրենց փորձի եւ գիտելիքների մասին:

Կարեն Քեռյանը Կարեն Քեռյանը
photo © Մեդիամաքս


Կառավարությունն այս տարի բավական դրական քայլեր արեց գիտնականների աշխատավարձի առումով (գալիք 5 տարիների համար նախատեսվում է աստիճանական բարձրացում՝ մինչեւ 3-4 անգամ), ինչը խոստումնալից պետք է լինի գիտություն նոր մտնող մարդկանց համար: Այսինքն՝ այն մարդը, ով հիմա մագիստրատուրայում է սովորում, կարող է գիտակցել, որ ասպիրանտուրայից հետո մրցունակ պայմաններով կարող է անցնել աշխատանքի:

Գիտությամբ զբաղվելը կարող է համակցվել տարբեր խորհրդատվական բնույթի գործունեությամբ կամ դասախոսելով, այսպիսով՝ ֆինանսական բաղադրիչը, կարելի է ասել, փակված կլինի:

Ռազմավարությունն այն է, որ մոտակա ժամանակում գիտնականներին հնարավորություն ստեղծվի գիտությամբ զբաղվելիս այնքան վաստակել, որ չմտածեն այլ ոլորտի գործեր անելու մասին, կենտրոնանան գիտության վրա:

Կարեն Քեռյանը Կարեն Քեռյանը
photo © Մեդիամաքս


Ոլորտում հաջողված ընկերությունների կողմից տարբեր ազդակները նաեւ նշան են, որ ընկերություններն էլ ուզում են, որ հնարավորինս խորը գիտելիքներով ուսանողներ լինեն Հայաստանում:

Կարեւոր է, որ մարդիկ դեռեւս ավարտական դասարաններում՝ իրենց բուհը եւ մասնագիտությունն ընտրելիս, իմանան, թե ինչ են ակնկալելու, պահանջատեր լինեն եւ բերեն փոփոխությունների: Այդ փոփոխությունները թե՛ ներքեւից պետք է լինեն, թե՛ վերեւից:

Ոչ միայն գերազանց, այլեւ մրցունակ

Համաշխարհային մակարդակով մրցունակ կադրեր պատրաստելու եւ կրթության բարելավման առումով ավելի խորը աշխատելու կարիք միշտ կա: Մենք ունենք մարդկային ռեսուրսի ավելացման լուրջ խնդիր: Մեզ հարկավոր են մարդիկ, որոնք ունակ են  փոփոխություններ բերելու, իրենց ուսերին ինչ-որ բեռ վերցնելու, այդ բեռը թեթեւացնելու կամ նոր ճանապարհներ բացելու: Մեր մեծ խնդիրն այդպիսի մարդկանց աճեցնելն է: Այս առումով, բացի ուսանողների համար տարբեր կրթաթոշակների հնարավորություններ ստեղծելուց, շատ կարեւոր է, որ Հայաստանում ստեղծվեն դասախոսներին աջակցելու հնարավորություններ՝ «պրոֆեսորշիփեր»։ Այսինքն՝ տարբեր կրթական ծրագրերին ուղղված միջոցները ոչ միայն գնան ուսանողներին, այլեւ դասախոսներին։ Գուցե, ավելի շատ շեշտադրումը պիտի դասախոսների վրա լինի։

Տարբեր մտահաղացումներ կարող է լինեն եւ որոշ չափով իրականացվել, բայց ավելի ընդարձակվելու համար պետք են մարդիկ: Այնպես, որ կրթությունը շատ կարեւոր է: Մենք որոշ չափով մրցունակ կրթություն տալիս ենք, բայց, իհարկե, բազմաթիվ թերություններ եւ շատ մեծ աշխատանք ունենք անելու: Մի կողմից ուրախալի է, որ մեր տված գիտելիքն ու մեծ աշխատասիրությունը բավարար է լինում արտասահմանում հաջողությունների հասնելու համար, բայց նաեւ շատ կարեւոր է, որ կարողանանք հաջողությունների հասած մարդկանց ինչ-որ կերպ Հայաստան բերել կամ Հայաստանի հետ կապել, որպեսզի նոր գիտելիք մտնի երկիր:

Կարեն Քեռյանը Կարեն Քեռյանը
photo © Մեդիամաքս


Հայաստանը չի կարող, պարզապես պարփակված, այնպիսի գիտելիք ստեղծել, որը մրցունակ կլինի աշխարհում: Մրցունակ լինելու համար ամենօրյա կոնտակտ, ամենօրյա աշխատանք է պետք աշխարհի հետ: Պետք է ոչ թե համեմատվել Հայաստանում ապրող, այլ աշխարհում գործունեություն ծավալող մարդկանց հետ, եւ այդ իմաստով՝ շատ կարեւոր է, որ նշաձողը լինի ոչ թե Հայաստանը կամ մեզ շրջապատող հարեւանները, այլ գլոբալ աշխարհը:

Իհարկե, պետք չէ բոլոր ուղղություններով աշխարհի հետ համեմատվել, բայց պետք է ընտրել այնպիսի ուղղություններ, որոնք կարեւոր են երկրի զարգացման ռազմավարական տեսակետից եւ խելամիտ ներդրումների դեպքում՝ առաջադեմ լինելու, լուրջ հաջողություններ գրանցելու, մրցունակ դառնալու իրատեսական հնարավորություն ունենք:

Կարեն Քեռյանի հետ զրուցել է Մարի Թարյանը

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի