17:46 | 09.07.21 | Նորություններ | 2005

Տեղի կունենա Ռոբոտների համաշխարհային օլիմպիադայի ազգային փուլը

Հուլիսի 18-ին Հայաստանում տեղի կունենա Ռոբոտների համաշխարհային օլիմպիադայի (ՌՀՕ) ազգային փուլը։ Մրցույթն անցկացվում է վեցերորդ անգամ՝ «Այբ» կրթական հիմնադրամի նախաձեռնությամբ, նպատակ ունի զարգացնելու ոլորտը՝ բացահայտելով նոր տաղանդների։

«ՌՀՕ 2021»-ի ազգային փուլի մշտական հովանավորը «Ռոստելեկոմ» Հայաստանն է, գլխավոր գործընկերը՝ SoftConstruct ընկերությունը։

«Այբ» հիմնադրամից հայտնել են, որ ՌՀՕ-ի հայաստանյան փուլն այս տարի նոր ձեւաչափ կունենա՝ մրցույթին զուգահեռ կանցկացվի «Սոֆթբոտ» ռոբոտաշինական ցուցահանդեսը, որում կցուցադրվեն հայկական առաջատար ընկերությունների ռոբոտաշինական վերջին ձեռքբերումները։

«ՌՀՕ-ի հայաստանյան փուլին մասնակցելու հայտ ներկայացրել է 18 թիմ։ Առաջին անգամ միջազգային հեղինակավոր օլիմպիադային մասնակցելու հնարավորություն կունենան նաեւ մարզային սկսնակ թիմեր, որոնք «Այբ» կրթական հիմնադրամի մեկ այլ՝ «Լեգոստարտ-2021» ռոբոտաշինական մրցույթի շնորհիվ որոշակի փորձ են ձեռք բերել։

Ազգային փուլի հաղթող թիմերը կստանան խրախուսական մրցանակներ, իսկ գլխավոր մրցանակը կլինի Ռոբոտների համաշխարհային օլիմպիադայի միջազգային փուլին մասնակցելու եւ մեր երկիրը ներկայացնելու հնարավորությունը»,- ասվում է «Այբ»-ի տարածած հաղորդագրության մեջ:

ՌՀՕ-ի այս տարվա թեման է՝ «PowerBots-Էներգետիկայի ապագան»։ Թիմերի գլխավոր խնդիրն է լինելու վերականգնվող էներգիայի օգտագործմանն ուղղված առաջադրանքների կատարումը։ Տարբեր տարիքային խմբերի թիմերի համար առանձնացված են տարբեր առաջադրանքներ։

2004 թ.-ից անցկացվող մրցույթում նախորդ տարի ներգրավվել է 75 000 մասնակից՝ 75-ից ավելի երկրից։ Հայաստանից հինգ տարվա ընթացքում օլիմպիադային արդեն մասնակցել է 160 դպրոցական, հայկական 6 թիմ մասնակցել է նաեւ միջազգային փուլին։