18:16 | 06.07.21 | Հոդվածներ | 2314

Artsakh Tech Week-ի ուղերձն ու զարգացման քայլերը

Ապրելով Արցախում հնարավոր է կառուցել միջազգային ընկերություններ եւ օգտվել համաշխարհային հնարավորություններից։ Այս ուղերձը կարմիր թելի պես անցնում էր Artsakh Tech Week տեխնոլոգիական միջոցառման խոսնակների ելույթներում։ Itel.am-ը միջոցառման օրերին եղել է Ստեփանակերտում եւ ներկայացնում է հատկանշական դրվագները։

Գլոբալ հնարավորություններ Արցախից

Artsakh Tech Week-ի նպատակն էր Արցախում հավաքել հայկական տեխնոլոգիական համայնքի հաջողակ ներկայացուցիչներին, որոնք կկիսվեին իրենց փորձով, կփորձեին մոտիվացնել Արցախի բնակչությանն ու ցույց տալ գլոբալ հնարավորությունների ճանապարհները։ Այս գաղափարի շուրջ համախմբվել էին 60 ավելի ընկերություններ՝ իրականություն դարձնելով Հայաստանում Երեւանից դուրս անցկացված ամենամեծ տեխնոլոգիական միջոցառումը։

photo © Մեդիամաքս


3 օրվա ընթացքում մի քանի սրահներում զուգահեռ ընթացող կոնֆերանսի 60-ից ավելի խոսնակների ելույթների հիմնական թեմաներն էին տեխնոլոգիաները, մարքեթինգը, դիզայնը եւ բիզնեսը։ Դրանք ներկայացնում էին հայկական ընկերությունների հաջողության պատմություններն ու ուղենշում ճանապարհներ՝ ինչպես ստեղծել հաջողակ սրտաթափ, զարգացնել տեխնոլոգիական համայնքը, տեսնել առանց սահմանափակումների աճի հնարավորությունները, կառուցել մեծ թիմեր, հիմնել բիզնես 0-ից, իրականացնել արդյունավետ նեթվորքինգ ու գիտելիքով զինված գնալ դեպի զարգացում։

photo © Մեդիամաքս


Խոսնակները ներկայացնում էին Instigate Mobile-ը, The Crowdfunding Formula-ն, GG-ն, Backbone Branding-ը, YerevaNN-ը, Smart Click-ը, Disqo-ն, SoftConstruct-ը, Volo-ն եւ այլն։

Սամվել Մարտիրոսյանը Սամվել Մարտիրոսյանը
photo © Մեդիամաքս


Բացի բուն ելույթներից, ընթացան նաեւ պանելային քննարկումներ արհեստական բանականության, ռազմարդյունաբերության զարգացման, Հայաստանը ծառայություններ եւ պրոդուկտներ արտահանող երկիր դարձնելու եւ այլ թեմաների շուրջ։ Երեկոյան ժամերին էլ մասնակիցները հնարավորություն ունեին ներկա լինելու խարույկի շուրջ զրույցներին։

Երիտասարդների ներգրավում

Միջոցառմանն իրականացմանն աջակցող մեծ թիմում իրենց կարեւոր դերն ունեին արցախցի կամավոր երիտասարդները, որոնք Tech Week-ի ամբողջ ընթացքում ուղղորդում էին մասնակիցներին ու մշտապես պատրաստակամ էին օգնել։ Շուրջ 30 երիտասարդների թվում էր նաեւ 19-ամյա Իզաբելլա Սարգսյանը, որ Շուշիից է եւ այժմ ապրում է Ստեփանակերտում։

photo © Մեդիամաքս


«Բացի նրանից, որ աջակցում ենք կազմակերպչական աշխատանքին, զուգահեռաբար հասցնում ենք մասնակցել նաեւ դասընթացներին։ Անձամբ ինձ համար հետաքրքիր են մարքեթինգին եւ բիզնեսին վերաբերող ելույթները։ Արդեն իսկ շատ գիտելիքներ եմ ձեռք բերել, որոնք անպայմանորեն օգտակար կլինեն։ Շատ կարեւորում եմ Արցախում նման միջոցառումների անցկացումը, որովհետեւ դրանց միջոցով էլ ավելի շատ մարդիկ են ծանոթանում Արցախին։ Խոսնակների եւ մասնակիցների հետ զրույցներից իմացա, որ շատերն առաջին անգամ են Արցախում։ Բացի այդ, արցախցի երիտասարների համար մեծ հնարավորություն է շփվել նման մասնագետների հետ, կապեր ձեւավորել ու գիտելիք ստանալ»,- Itel.am-ի հետ զրուցում պատմում է Իզաբելլան։

Իզաբելլա Սարգսյանը Իզաբելլա Սարգսյանը
photo © Մեդիամաքս


Ուղերձների առարկայացում

Աշխատանքը բավականին ծանրաբեռնված էր, որովհետեւ միջոցառումն ունեցավ 1500-ից ավելի գրանցված մասնակիցներ՝ ակնկալվող 500-600-ի փոխարեն։ Հիմնվելով հենց այս փաստի, ինչպես նաեւ մասնակիցների ակտիվ ներգրավվածության ու նկատելի ոգեւորվածության վրա՝ միջոցառման կազմակերպիչներից TCF ընկերությունների խմբի համահիմնադիր Նարեկ Վարդանյանը վստահ է, որ հաջողվել է կատարել իրենց առջեւ դրված խնդիրը։

photo © Մեդիամաքս


«Մասնակիցները շատ ակտիվ էին միջոցառման ամբողջ ընթացքում, հետաքրքիր հարցեր էին հնչեցնում, օգտակար կապեր ստեղծում։ Թեեւ միջոցառումը կազմակերպվել էր շատ արագ, ինչի պատճառով գուցե ունեցանք որոշակի բացթողումներ, բայցեւայնպես կոնֆերանսն ընդհանուր առմամբ սահուն անցավ։ Քանի որ թե՛ մասնակիցների, թե՛ մեր աջակիցների, թե՛ ընդգրկված խոսնակների մասնակցությունը գերազանցեց մեր սպասելիքները, կարող ենք ասել, որ հաջողեց Արցախի մասշտաբներով մեգակոնֆերանսի իրականացումը։ Մեր հիմնական նպատակն է եղել փորձել փոխել մասնակիցների մտածելակերպը, մտահորիզոնը, եւ եթե դա ստացվի գոնե մեկ մարդու պարագայում, ապա կհամարենք, որ ոչինչ իզուր չէր։ Ես կարծում եմ, որ ոչ թե մեկ, այլ մի քանի տասնյակ մարդկանց դեպքում մեզ հաջողվել է օգնել վստահել իրենց ուժերին, դնել մեծ նպատակներ ու հավատալ, որ ամեն ինչ կախված է հենց իրենցից»,- մանրամասնում է Նարեկ Վարդանյանը։

Նարեկ Վարդանյանը Նարեկ Վարդանյանը
photo © Մեդիամաքս


Այնուամենայնիվ, պատերազմի արհավիրքից հետո վերականգնվող Արցախում աշխարհում համար մեկը դառնալու ու անսահմանափակ կարողությունների մասին ուղերձները միանգամից ընկալելի դարձնելը բավականին բարդ հանձնառություն է։ Այստեղ իրավիճակը բնակչությանը որոշակիորեն պարտադրում է մնալ պարփակված անվտանգային եւ գոյաբանական խնդիրներով։ Նարեկ Վարդանյանի խոսքով՝ իրենց թիմը տեսնում է, որ կա կոնֆերանսի նպատակային ուղերձները արցախցիներին էլ ավելի մոտեցնելու խնդիր, ինչի ուղղությամբ կատարվելու է շարունակական աշխատանք։

photo © Մեդիամաքս


«Արցախի երիտասարդությանը շատ քչերն են պատմել, կամ գուցե չեն էլ պատմել, որ իրենք կարող են լինել համար առաջինն աշխարհում անգամ այն պարագայում, երբ ունենք նման հոգեճնշող, սթրեսայի իրավիճակներ։ Այդ բացը լրացնելու համար էլ նախաձեռնության անդամներով որոշեցինք խումբ ստեղծել ու այդտեղ հրավիրել միջոցառման մասնակիցներին, պատրաստակամություն հայտնեցինք ամսական 1-2 անգամ օնլայն հանդիպումներ ունենալու ու իրենց ուղղորդելու։ Այդ հանդիպումներին մասնակցելու են մեծ հաջողությունների հասած մարդիկ, որոնց ժամանակը թեեւ շատ թանկ արժե, բայց իրենք հասկանում են այս նպատակի կարեւորությունն ու պատրաստակամ են աջակցել։

photo © Մեդիամաքս


Այս շփումները լինելու են շարունակական, որպեսզի կարողանանք մասնակիցներին հասանելի դարձնել մատուցված տեղեկատվությունը՝ կամաց-կամաց հասցնելով այն կետին, ինչի մասին մենք խոսում էինք կոնֆերանսի ընթացքում»,- մանրամասնում է նա՝ հավելելով, որ միասին պետք է Արցախում ստեղծեն իրական հաջողության պատմություններ, որոնք վարակիչ կդառնան մյուսների համար։

Խոսքից՝ գործի

Միջոցառման ընթացքում ելույթ ունեցողների հետ ձեռք բերվեցին հրապարակային մի շարք համաձայնություններ, որոնցով Արցախում մեծ միջոցառումների անցկացումը կունենա շարունակական բնույթ։ Դրանից հատկանշական էր եռակողմ փոխգործակցության հուշագրի ստորագրումը Արցախի տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության, Tech Week-ի եւ Արդյունավետ կառավարություն հիմնադրամի միջեւ` «Հայքն Աշխարհին» ծրագրի մեկնարկի մասին։

photo © Մեդիամաքս


Ծրագիրը սկիզբ է առնում Արցախում՝ հեռավար աշխատանքի համաշխատանքային (Co-Working) տարածքներ ստեղծելով Մարտակերտում, Մարտունիում եւ Ասկերանում։ Դրա նպատակն է Արցախում ձեւավորել այսօրվա միջազգային եւ տեխնոլոգիական պահանջներին համապատասխանող աշխատուժ եւ էկոհամակարգ, որտեղ մարդիկ, ապրելով Արցախում, կաշխատեն միջազգային կազմակերպություններում, կստեղծեն ապրանքներ եւ ծառայություններ միջազգային շուկայի համար։ Ծրագրում մեծապես շեշտադրված է կրթական բաղադրիչը, որի համար մեթոդաբանությունն արդեն իսկ մշակվել է եւ կշարունակվի լրամշակվել ծրագրի մեկնարկին զուգահեռ։

photo © Մեդիամաքս


«Հայկական IT ոլորտը եւս զարգացել է այն կետից, երբ ընկերությունները սկսել են տարբեր պատվերներ ստանալ արտասահմանյան կազմակերպություններից՝ այսպես ասած, սկզբնական շրջանում իրականացնելով ուրիշների երազանքները։ Սա հող է նախապատրաստել, որ մենք հասկանանք խնդիրներն ու նոր հնարավորությունները, որից հետո առանձնացել ենք ու սկսել զբաղվել պրոդուկտների ատրահանմամբ։ Այսինքն՝ եթե այսօր մենք, օրինակ, Մարտակերտում ունենանք 300 անձից բաղկացած IT համայնք, հավանական է, որ ինչ-որ պահից նրանք կտեսնեն համաշխարհային լուծում ենթադրող գաղափարներ, եւ կառանձնանան՝ ստեղծելով իրենց ընկերությունները։ Սա հարթ ճանապարհ չէ, բայց սա դրա սկիզբն է եւ մեր նպատակը նաեւ Արցախից պրոդուկտների արտահանումն է համաշխարհային շուկա»,- մանրամասնում է Instigate Mobile ընկերության ֆինանսական տնօրեն եւ բիզնես գործառնությունների ղեկավար Սպարտակ Կյուրեղյանը։

photo © Մեդիամաքս


Artsakh Tech Week-ի շրջանակում տեղի ունեցան նաեւ այլ միջոցառումներ, որոնցից են ggRace բարեգործական արշավ միջոցառումը, «Արմաթ» աշխատանոցի բացումը Կարմիր Շուկա գյուղում, Արցախի զարգացմանն ուղղված «Կորիզ» գաղափարների մրցույթը, Արցախում համայնքային կառավարման միասնական հարթակի ստեղծմանն ուղղված հակաթոնը, որոնց մասին կպատմենք առաջիկայում:

Գայանե Ենոքյան