17:34 | 29.06.21 | Նորություններ | 1389

Թումո լաբեր-ը սկսում է 7 նախագիծ մեքենայական ուսուցման, ԱԲ, բլոկչեյն եւ այլ ոլորտներում

ԵՄ Թումո համալիրի Թումո լաբեր կրթական ծրագիրը Krisp-ի, GIZ-ի, VXSoft-ի, SpaceChain-ի եւ OQNI-ի հետ սկսում է 7 նախագիծ մեքենայական ուսուցման, արհեստական բանականության, եռաչափ մոդելավորման ու բլոկչեյն ոլորտներում եւ թողարկում է նոր կրթական բաղադրիչ` ինքնուսուցում:

Եվրոպական միության աջակցությամբ իրականացվող Թումո լաբերը նպատակ ունի պրակտիկ նախագծերի միջոցով կապել բարձրագույն կրթությունն արդյունաբերության հետ:

«Մեր կողմից իրականացվող նախագծերի միջոցով ցանկանում ենք հետաքրքրություն առաջացնել տեխնոլոգիաների, գիտության եւ ճարտարագիտության ոլորտների նկատմամբ` դառնալով կամուրջ բիզնեսի եւ երիտասարդ մասնագետների միջեւ»,- ասում է Թումո լաբերի ղեկավար Բահարե Ֆաթեմին:

Թումո լաբերի նախագծերը նախատեսված են 18 տարին լրացած երիտասարդ մասնագետների եւ ուսանողների համար: Ընդունելության պայմաններին համապատասխանող բոլոր ցանկացողները կարող են դիմել այս նախագծերին, իսկ այն ուսանողները, ովքեր այժմ չունեն պահանջվող գիտելիքներն ու հմտությունները, կարող են դիմել ինքնուսուցման ծրագրին: Սկզբնական փուլում ինքնուսուցման ծրագիրը կներառի Python եւ մեքենայական ուսուցում, իսկ հետագայում կհամալրվի նոր ոլորտներով:

«Ինքնուսուցման ծրագիրը ճանապարհ է հարթում գործնական նախագծերին մասնակցելու համար: Այն առցանց կրթական ռեսուրսների ուղեցույց է, որը հնարավորություն է տալիս ուսանողներին արդյունավետ ձեւով օգտվել ամենատարբեր աղբյուրներից` կատարելով թեստեր ու վարժանքներ եւ ստանալով միավորներ»,- ասում է Թումոյի զարգացման գծով տնօրեն Բեկոր Փափազյանը:

Թումո լաբերը տարբեր ընկերությունների եւ համալսարանների հետ իրականացնում է գործնական նախագծեր, որոնք հետագայում կիրառություն են ստանում առօրյայում:

Krisp ընկերության հետ մեկնարկող երկու նախագծերի ընթացքում ստեղծվելու են տեքստի էմոցիոնալ երանգավորումները հայտնաբերող, ինչպես նաեւ աշխատանքային հանդիպումների տեքստերն ավտոմատ վերլուծող ու ամփոփ արձանագրություններ կազմող ծրագրեր:

«Աշխարհը վերափոխվում է մեքենայական ուսուցման միջոցով: Մենք այլեւս կարիք չունենք համակարգիչներին սովորեցնել, թե ինչպես կատարել բարդ առաջադրանքներ, ինչպիսիք են պատկերի ճանաչումը կամ տեքստի թարգմանությունը: Փոխարենն այժմ մենք ստեղծում ենք համակարգեր, որոնք թույլ են տալիս, որ համակարգիչներն ինքնուրույն անեն այդ բոլոր գործողությունները», - ասել է Krisp-ի ճարտարագիտության գծով տնօրեն Տիգրան Սարգսյանը:

Krisp-ի համագործակցությունը Թումո լաբերի հետ Տիգրան Սարգսյանը համարում է ռազմավարական քայլ, որը նպատակ ունի ներդրում կատարել Հայաստանի ՏՏ էկոհամակարգում` մեքենայական ուսուցման ոլորտում ուժեղ մասնագետներ ձեւավորելու համար:

Թումո լաբերի այս նախագծերին ու ինքնուսուցման մանրամասներին ծանոթանալու եւ դիմելու համար այցելեք tumolabs.am կայք, իսկ համագործակցության համար դիմեք այստեղ կամ գրեք eutumocc@tumo.org էլեկտրոնային հասցեին: