16:39 | 16.06.21 | Նորություններ | 9935

Նուբար Աֆեյանը նոր ֆոնդի համար հավաքագրել է $ 3,4 մլրդ

Պատվաստանյութեր արտադրող Moderna-ի ներդրող Flagship Pioneering ընկերությունը հայտնել է, որ նոր ֆոնդի համար հավաքագրել է 3,4 միլիարդ դոլար, հաղորդում է Forbes.com-ը:

Flagship Pioneering-ի հիմնադիր Նուբար Աֆեյանը, որի կարողությունը գնահատվում է 2.9 միլիարդ դոլար, իր կարիերայի ընթացքում հիմնել է ավելի քան 50 ընկերություններ առողջապահության եւ կենսաբանության ոլորտներում:

«Այս ֆոնդը կֆինանսավորի կենսաբանական պլատֆորմների հաջորդ սերունդը», - ասել է Աֆեյանը: «Անցյալի փորձը ցույց է տվել, որ գիտությունն ու տեխնոլոգիաները կարող են շատ կարեւոր դեր խաղալ ցանկացած քանակի հիվանդությունների դեմ պայքարում», - ընդգծել է ներդրողը:

«Հավանաբար, այս հիմնադրամի կյանքի ցիկլում՝ առաջիկա 2.5-3 տարիների ընթացքում, մենք կստեղծենք 20-25 նոր ընկերություն», - ասել է Աֆեյանը:

Հիմնադրամը մտադիր է ներդրումներ կատարել թերապիայի, գյուղատնտեսության եւ սննդի ոլորտներում: Այն նաեւ ստեղծում է նոր ստորաբաժանում, որը կենտրոնանալու է կանխարգելիչ բժշկության եւ առողջության անվտանգության հարցերի վրա, որպեսզի օգնի ավելի լավ պաշտպանել մարդկանց առողջությունը նախքան հիվանդանալը եւ ավելի լավ դիմակայել նոր վարակիչ հիվանդությունների սպառնալիքներին: