13:14 | 07.06.21 | Նորություններ | 2901

Դիլիջանում բացվել է ԱԹՍ առաջին կրթական աշխատանոցը

Դիլիջանի Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում ին բացվել է «Արմաթն օդում» անօդաչու թռչող սարքերի առաջին կրթական աշխատանոցի պաշտոնական բացումը։

«Արմաթն օդում» ծրագրի նորանշանակ համակարգող Խաչատուր Թադեւոսյանն ասել է, որ խմբավարները երկուս ու կես ամիս շարունակ վերապատրաստվել են «Ինստիգեյթ Ռոբոտիքս» ընկերության կողմից։

«Դասընթացը մեծ մասամբ իրականացվել է Երեւանում, որոշ գործնական հանձնարարություններ՝ Գյումրիում։ Վեց մարզից վկայական ստացած խմբավարները շուտով կգլխավորեն իրենց համայնքներում ստեղծվելիք խմբակները»,- նշել է «Արմաթ» ԻԼ ծրագրի ղեկավար Սեդրակ Վարդանյանը։

«Արմաթն օդում» (Armath Airborne) անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) կրթական աշխատանոցի ծրագիրն «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների ծրագրի զարգացման ուղղություն է: Այն իրականացնում է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԱՏՁՄ)՝ «Ինստիգեյթ Ռոբոտիքս» ընկերության կողմից մշակված մեթոդաբանությանը համապատասխան:

Աշխատանոցները նախատեսված են 15-18 տարեկան տղաների եւ աղջիկների համար։ Դրանցում պատանիները ստանալու են անօդաչու թռչող սարքերի աշխատանքի տեսական գիտելիքներ, յուրացնելու են դրանց նախագծման ու պատրաստման, ծրագրային ապահովման, տեխնիկական սպասարկման եւ կառավարման առանձնահատկությունները։ «Արմաթն օդում» ԱԹՍ աշխատանոցների կրթական ծրագրում ընդգրկված են եւ՛ պտուտակավոր, եւ՛ թեւավոր ԱԹՍ-ներ։

Ծրագրի նպատակն է Հայաստանի (ներառյալ՝ Արցախի) բոլոր 65 քաղաքներում հիմնել ԱԹՍ կրթական աշխատանոցներ, որոնց ընդունելությունը բաց կլինի թե՛ տվյալ համայնքի բնակիչների եւ թե՛ հարակից համայնքների երիտասարդ աղջիկների ու տղաների համար։

Այս նպատակի իրագործման համար ԱՏՁՄ-ն դեռ 2021 թվականի հունվարին մեկնարկել է «Արմաթն օդում» նախաձեռնության դրամահավաքը, որի արդյունքում նպատակ է դրվում 2021 թվականին հիմնադրել 25, իսկ 2022 թվականին՝ 40 ԱԹՍ աշխատանոց։

Նպատակային գումարը կազմում է 422 միլիոն դրամ, որից 52 միլիոն դրամն արդեն հավաքվել է վերջին ամիսներին։