13:47 | 01.06.21 | Նորություններ | 1135

FactCheck Georgia-ն կստուգի հայալեզու բովանդակությունը Ֆեյսբուքում եւ Ինստագրամում

«Ֆեյսբուք» ընկերությունն այսօր հայտարարել է, որ վրացական «FactCheck Georgia»-ն, որը հավաստագրված Փաստերի ստուգման միջազգային ցանցի (IFCN) կողմից, հունիս-հուլիս ամիսներին, հայաստանյան «Մեդիա նախաձեռնությունների կենտրոն» (MIC) ՀԿ-ի հետ համագործակցությամբ՝ կիրականացնի Ֆեյսբուքում եւ «Ինստագրամում» հրապարակված հայերեն բովանդակության փաստերի ստուգում:

«Ֆեյսբուքի» փաստերի ստուգման ծրագրում ներգրավված է ավելի քան 80 գործընկեր ամբողջ աշխարհից, ովքեր իրականացնում են շուրջ 60 լեզվով ստեղծված բովանդակության ստուգում:

«Համագործակցելով միայն Փաստերի ստուգման միջազգային ցանցի (IFCN) կողմից հավաստագրված փաստերի ստուգման հարթակների հետ եւ, գերակայությունը տալով վայրերին, որտեղ սպասվում են ընտրություններ, ուր ապատեղեկատվության տարածումը կարող է հանգեցնել իրական ռիսկերի, մենք որոշել ենք ընդլայնել համագործակցությունը փորձառու լրագրողների միավորող «FactCheck Georgia»-ի հետ՝ գործելով նաեւ Հայաստանում», - ասված է հաղորդագրության մեջ:

«Մենք շատ ուրախ ենք, որ կարող ենք ընդլայնել համագործակցությունը «FactCheck Georgia»-ի հետ՝ գործելու նաեւ Հայաստանում:  Մինչ այս հայտարարությունը, մենք հաշվի ենք առել մի շարք գործոններ, որոնք վերլուծել էինք փաստերի ստուգման ծրագրի մեկնարկից առաջ: Հայաստանյան գործընկեր Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի (MIC) առանցքային աշխատանքը կօգնի մեզ նվազեցնել հայերենով ապատեղեկատվության տարածումը մեր հարթակներում»,- ասել է «Ֆեյսբուքի» ռազմավարական գործընկերների զարգացման մենեջեր Սոֆի Այերսը: