12:05 | 31.05.21 | Նորություններ | 1111

Հայաստանի Ձեռներեցության աշխարհի գավաթի մրցանակային ֆոնդը գերազանցում է $100 հազ.

Հայաստանի ամերիկյան համալսարանում (ՀԱՀ) գործող Ձեռներեցության եւ նորարարական տեխնոլոգիաների կենտրոնը (EPIC), որպես 2021թ. Ձեռներեցության աշխարհի գավաթի (EWC) ազգային կազմակերպիչ, Ազգային առաջնորդության կոմիտեի հետ համատեղ պատասխանատու է մրցույթի մրցանակային ֆոնդի հայթայթման համար:

Նախնական նպատակ հանդիսացող $100 հազ.-ին համարժեք մրցանակային ֆոնդը հաջողվել է հավաքել եւ նույնիսկ գերազանցել: Ազգային եզրափակիչը, որը տեղի կունենա 2021թ. հուլիսի վերջին, հնարավորություն կտա իրենց ստարտափի զարգացման որեւէ փուլում գտնվող հայ ձեռներեցներին մասնակցել, ներկայացնել իրենց բիզնես գաղափարը, նվաճել մրցանակներ եւ հուսանք հաջորդ մեծ քայլը կատարել դեպի աշխարհի եզրափակիչ, որտեղ նրանք կարող են շահել ավելի քան 1 միլիոն դոլար:

Մեկ ամսից էլ քիչ ժամանակահատվածում, EPIC-ը Ազգային առաջնորդության կոմիտեի հետ միասին ջանք չխնայեց միջոցներ հայթայթել ազգային եզրափակիչի համար: Արդյունքում, EWC Հայաստան 2021-ը կունենա մեկ պլատինե հովանավոր (SoftConstruct), երկու ոսկե հովանավորներ («ԵՄ-ն բիզնեսի համար» «Նորարարական տուրիզմի եւ տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար» ծրագիր, որն իրականացնում է GIZ, Hovnanian International) եւ չորս արծաթե հովանավորներ (Webb Fontaine, Byblos Bank Armenia, Energize Global Services եւ Orion Worldwide Innovations Armenia):

Բացի այդ, երեք հովանավորներ կտրամադրեն ոչ դրամային ծառայություններ (in-kind services) մրցանակային տարբեր կատեգորիաներին (BAJ Accelerator, Telecom Armenia եւ Manatee Mentor):

Ձեռներեցության աշխարհի գավաթի հայտերի ընդունման վերջնաժամկետը հունիսի 6-ն է: Մանրամասները հասանելի են այստեղ: Գաղափարային, վաղ եւ աճի փուլերում գտնվող ստարտափները կարող են դիմել այստեղ: