16:20 | 24.05.21 | Նորություններ | 2296
Ամերիկյան DISQO ընկերությունը Armenian Code Academy-ի հետ համագործակցությամբ անվճար կրթական ծրագիր է ներկայացնում հայկական ՏՏ համայնքին։
Վերջինիս նպատակը սկսնակ եւ միջին որակավորման կադրերի պատրաստումն է ու Հայաստանում տեխնոլոգիական համայնքի զարգացումը։
«Սա շատ հատկանշական նախագիծ է մեզ համար, քանի որ այսպիսով հայկական տեխնոլոգիական համայնքում մեր ներդրումները մտնում են նոր փուլ ու ավելի ինտենսիվ բնույթ են կրում։ Ծրագրի մասնակիցները կստանան անհրաժեշտ գիտելիքն ու փորձը ոլորտում կարիերա սկսելու համար։ Թրեյնինգի ավարտին մենք ինքներս պատրաստվում ենք լավագույն արդյունքը դրսեւորած մասնակիցներին ներգրավել DISQO-ում անցկացվելիք փորձաշրջանում, իսկ մյուսներին հնարավորինս կաջակցենք տեղական այլ ընկերություններում աշխատանքի ընդունվելու հարցում»,- նշել է DISQO-ի տեխնոլոգիական տնօրեն Հարություն Բաղդասարյանը։
Դասընթացների կրթական մոդելը մշակել է DISQO-ի մասնագիտական թիմը՝ նորարար տեխնոլոգիական ստանդարտներին ու միջազգային փորձին համապատասխան։
«Անչափ ողջունելի է, որ DISQO-ի պես կազմակերպությունները պատասխանատվություն են վերցնում նոր տաղանդներ ստեղծել Հայաստանի տեխնոլոգիական էկոհամակարգի համար»,- նշել է Armenian Code Academy-ի տնօրեն Նարեկ Ասլիկյանը։
Կրթական ծրագիրը լինելու է 2 մասնագիտական ուղղություններով ՝ Java եւ DevOps։ Այն կընթանա 3 փուլերով.
- առաջին 4 ամսում Armenian Code Academy-ն կանցկացնի ինտենսիվ թրեյնինգներ՝ DISQO-ի գրասենյակ շաբաթական այցերով, որի ընթացքում մասնակիցները կծանոթանան ընկերության թիմերի, մասնագետների, պրոդուկտների ու տեխնոլոգիաների հետ,
- դասընթացների ավարտին թեստավորման եւ հարցազրույցների արդյունքում բարձր առաջադիմությամբ մասնակիցներին հնարավորություն կտրվի անցնել երկրորդ փուլ՝ DISQO-ում երկամսյա փորձաշրջանին միանալու համար,
- փորձաշրջանի շրջանավարտները կարող են մասնակցել ընկերությունում առկա թափուր հաստիքների հարցազրույցներին, որտեղ հաջողելու դեպքում արդեն հնարավորություն կտրվի ընկերության հայաստանյան թիմին միանալ։
DISQO-ի հայաստանյան գրասենյակի տնօրեն Թանիա Սահակյանը նշում է, որ սա այս տարվա թվով երրորդ, բայց ամենամասշտաբային կրթական նախագիծն է ընկերության կողմից։
«Նախորդ ամիսներին մեկնարկել ենք նաեւ Java ծրագրավորման ու Պրոդուկտի կառավարման անվճար թրեյնինգներ Արցախյան պատերազմի մասնակիցների համար՝ ԱՏՁՄ-ի հետ համատեղ։ Վերջերս նաեւ հայտարարեցինք Տվյալագետների ամառային եռամսյա փորձաշրջանի մասին, որի համար ստացել էինք 200-ից ավելի դիմումներ։ Այս ամենը կրելու է շարունակական բնույթ եւ մենք տարբեր ձեւաչափերով փորձելու ենք միջազգային փորձով ու գիտելիքով կիսվել ու զարգացման հնարավորություններ ստեղծել հայկական տեխնոլոգիական համայնքի համար»:
Ծրագրի հայտադիմումները բաց են եւ դիմումներն ընդունվում են մինչեւ հունիսի 14-ը։