11:23 | 18.05.21 | Նորություններ | 1378

Դիլիջանում քննարկել են Հայաստանում գիտահետազոտական ներուժի վերականգնման ուղիները

Մայիսի 15-16-ը Դիլիջանում տեղի է ունեցել «Հայաստանը՝ որպես արդի արդյունաբերական եւ գիտահեն պետություն» ֆորումը՝ կազմակերպված Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) եւ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից։

Ֆորումի անցկացման հիմքում դրված էր COVID-19-ի եւ պատերազմի արդյունքում Հայաստանում առաջացած ճգնաժամի հետեւանքները առաջատար տեխնոլոգիաների ոլորտի փորձի եւ ներուժի միջոցով վերացնելու կենսական կարեւորությունը։

Երկօրյա ֆորումին իրենց մասնակցությունն ունեցան առաջատար տեխնոլոգիական ոլորտի, գիտահետազոտական կառույցների, համալսարանների, բիզնեսի, ինչպես նաեւ պետական գերատեսչությունների մի շարք ներկայացուցիչներ։ Բացման արարողությանն ԱՏՁՄ վարչության նախագահ Ալեքսանդր Եսայանն ու գործադիր տնօրեն Րաֆֆի Քասարջյանը ողջունեցին ներկաներին ու հույս հայտնեցին, որ նման ձեւաչափի հանդիպումները կխթանեն միջոլորտային համագործակցությունը։


«Հատկանշական է, որ նախորդ տարիների քննարկումների արդյունքում հենց այս սենյակում ծնվել են բազմաթիվ կարեւորագույն գաղափարներ, որոնք արդյունքում վերածվել են հաջողված նախագծերի։ Մենք մի սեղանի շուրջ ենք եւ մեր նպատակները մեկ են. բոլորս պետք է պայքարենք մեր հնարավորությունների շրջանակներում այդ նպատակներն իրականություն դարձնելու համար: Այստեղ ենք մեր երազանքներն ու նպատակները ձեւակերպելու ու վաղվանից ի վեր դրանք կյանքի կոչելու համար: Ես համոզված եմ, որ վաղը շատ կարեւոր  օրակարգով ենք դուրս գալու Դիլիջանից», - նշեց ՀՀ ԲՏԱ նախարարի պաշտոնակատար Հայկ Չոբանյանը։

«Գաղտնիք չէ, որ կրթությունն ու տնտեսությունն այժմ իրարից անկախ են զարգանում, ուստի պետք է այնպես անենք, որ դրանք համահունչ լինեն ու ծառայեն պետության առաջ ծառացող մարտահրավերների հաղթահարմանը։ Մենք նոր տնտեսական քաղաքականություն ենք մշակել, ու այն շուտով կներկայացվի լայն քննարկման, ու դրանում առանձնահատուկ դեր ունի գիտությունը՝ որպես մեր երկրի զարգացման միակ ճանապարհ», - նշեց ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը։

Քննարկման հիմնական թեմաներն էին Հայաստանում գիտահետազոտական ներուժի վերականգնման հնարավորությունները, արդյունաբերության եւ գիտահետազոտական ոլորտի զարգացմանը նպաստող էլ. կառավարման համակարգերի եւ պետական անվտանգության ստանդարտների մշակումը, արդի արդյունաբերական համալիրի համար ինժեներական կրթությամբ մասնագետների ապահովումը, գիտահետազոտական ոլորտի համար անհրաժեշտ կադրերի նվազագույն քանակի ապահովումը։