14:32 | 14.05.21 | Նորություններ | 1389

«Տեխնովացիա աղջիկներ, Հայաստան»-ի մասնակիցները կներկայացնեն իրենց ստեղծած մոբայլ հավելվածները

«Տեխնովացիա աղջիկներ, Հայաստան 2021» մրցույթին մասնակցած 48 թիմերը մայիսի 17-21-ին, ժյուրիին կներկայացնեն իրենց մոբայլ հավելվածները, ինչի արդյունքում կորոշվեն հաղթող թիմերը:  

Մրցույթի կազմակերպիչն է «Կանայք եւ տեղեկատվական  հասարակությունը» հկ-ն:
Մրցույթի միջազգային առցանց փուլը տեղի կունենա հունիսին:

Տեխնովացիան աշխարհի խոշորագույն տեխնոլոգիական ձեռներեցության մրցույթն է 10-18 աղջիկների համար:


Ծրագրի նպատակն է ոգեւորել եւ հզորացնել երիտասարդ աղջիկներին՝ դառնալու նորարարներ եւ առաջնորդներ իրենց համայնքներում` լուծելով իրենց համայնքների խնդիրները, ձեռներեցության եւ տեխնոլոգիական գիտելիքների միջոցով:  

2017 թվականին առաջին անգամ մասնակցելով ծրագրին, Կարբի գյուղի դպրոցի «Մեկ քայլ առաջ» աղջիկների թիմը իր «Հայկական ժեստերի լեզու» հավելվածով ստացավ միջազգային գլխավոր  մրցանակը կրթություն անվանակարգում եւ հրավիրվեց Սիլիկոնյան հովիտ մասնակցելու միջազգային  մրցանակաբաշխությանը:

2017 թվականից Տեխնովացիա աղջիկներ, Հայաստան ծրագրի ընթացքում  սոցիալական տարբեր խնդիրներին առնչվող 186+ հավելված է ստեղծվել, 408+ թիմ, 2088+  աշակերտուհի, 408+ մենթոր է մասնակցել Հայաստանի բոլոր մարզերի քաղաքներից, գյուղերից:

Ծրագիրը ֆինանսավորվում է Ֆինլանդիայի արտաքին  գործերի նախարարության դրամաշնորհով: