11:10 | 03.05.21 | Նորություններ | 1026

Գիտական խմբերի ստեղծման մրցույթ է հայտարարվել

ՀՀ գիտության կոմիտեն գիտական խմբերի ստեղծման կամ լաբորատորիաների (բաժինների) ամրապնդման աջակցության գիտական թեմաների հայտերի ընտրության մրցույթ է հայտարարել։

Կրթության եւ գիտության նախարարությունից հայտնում են, որ «դրամաշնորհները կտրամադրվեն 36 ամիս տեւողությամբ, 4-5 անձից բաղկացած գիտահետազոտական խմբերի ղեկավարների նախաձեռնությամբ ներկայացված եւ մրցութային կարգով ընտրված հավակնոտ, բեկումնային եւ իրագործելի թեմաներին, որոնք կարող են վերաբերել գիտական եւ գիտատեխնիկական գործունեության բոլոր բնագավառների մասնագիտություններին»:

Մրցույթն ունի տարիքային սահմանափակում. խմբի ղեկավար կարող է լինել 1981 թ. հունվարի 1-ից հետո ծնված եւ մինչեւ 2019 թվականի հունվարի 1-ը գիտական աստիճան ստացած անձ։ Խմբում պետք է ընդգրկվի թեմային առնչվող մասնագիտությամբ առնվազն երկու` մինչեւ 35 տարեկան կատարող (առնվազն մագիստրատուրայի ուսանող կամ դիպլոմավորված մասնագետ), որոնց տարիքային շեմը կարող է ավելանալ՝ ՀՀ զինված ուժերում ծառայած լինելու դեպքում՝ հավելյալ 2 տարով, երեխայի խնամքի արձակուրդի դեպքում՝ յուրաքանչյուր երեխայի համար հավելյալ 1 տարով: Մրցույթի պայմաններին կարելի է ծանոթանալ այստեղ։  

Թեմայի կատարման արդյունքում խմբերի առջեւ դրված պարտադիր պայմաններից են բարձր վարկանիշ ունեցող պարբերականներում գիտական հրապարակումների առկայությունը, այդ թվում` օտարերկրյա գործընկերոջ համահեղինակությամբ, ինչպես նաեւ 15 մլն ՀՀ դրամը գերազանցող միջազգային գիտական դրամաշնորհի առնվազն մեկ դիմումի ներկայացումը, գիտահանրամատչելի նյութերի ստեղծումը եւ տարածումը:

Մրցույթին մասնակցելու հայտը մինչեւ 2021 թվականի հունիսի 25-ը՝ ժամը 18:00-ն ներառյալ, պետք է ներկայացնել առցանց` գրանցվելով այստեղ։