11:57 | 22.04.21 | Հարցազրույցներ | exclusive 19752

Քրիստինե Գյոնջյան. Հայաստանում կանանց ներգրավվածությունը ՏՏ-ում ավելի տեսանելի է դարձել

Ապրիլի 22-ին Հայաստանում նշվում է ՏՀՏ ոլորտի աղջիկների միջազգային օրը: Այդ օրը նշվում է ամեն տարի՝ չորրորդ ամսվա չորրորդ շաբաթվա չորրորդ օրը: ՏՀՏ ոլորտի աղջիկների օրվա միջոցառումները բարձրացնում են աղջիկների եւ երիտասարդ կանանց իրազեկությունը ՏՀՏ ոլորտի հսկայական հնարավորություններին եւ հրավիրում պատկերացնելու իրենց ապագան որպես ՏՀՏ նորարարներ:

Զրուցել ենք «Հայաստանի օպերատորների միություն» ՀԿ-ի ղեկավար Քրիստինե Գյոնջյանի հետ, որը Հայաստանում տեխնոլոգիական ոլորտի բոլոր Միությունների մեջ միակ կին ղեկավարն է:
 
- «Օպերատորների միություն» եւ կին ղեկավար․ արդյո՞ք հեշտ է կին ղեկավար լինել տեխնոլոգիական ոլորտում, թերեւս, մի փոքր անսովոր է տեխնոլոգիական ոլորտի միության ղեկավար կին տեսնելը:

- Այո, ճիշտ նկատեցիք, տեխնոլոգիական ոլորտում քիչ են կին ղեկավարները, սակայն նրանք բացառություն չեն: Իհարկե փաստ է, որ ՏՀՏ ոլորտում գերիշխում են տղամարդիկ, ու եթե մի փոքր ուսումնասիրենք ոլորտը, ապա արագ կհամոզվենք, որ հաջողակ ընկերությունների հիմնադիրները եւս հիմնականում տղամարդիկ են: Ու այստեղ երեւի տեղին է հիշել Ջեյմս Բրաունի հայտնի երգի բառերը «This is a man's world, But it wouldn't be nothing, nothing without a woman or a girl» (Սա տղամարդու աշխարհ է, բայց այն ոչինչ է առանց կնոջ կամ աղջկա):

Հայաստանում տեխնոլոգիական ոլորտի բոլոր միությունների ղեկավարները տղամարդիկ են, բացառությամբ Օպերատորների միության: Երբեք չեմ նեղվել այդ փաստից: Երբեւիցե իմ կին լինելը խոչընդոտ չի եղել որեւիցե հարցում: Տղամարդկանց միջավայրում աշխատելն ունի եւ՛ իր դրական, եւ՛ բացասական կողմեր: Պետք է փաստել, որ հաճախ ոլորտային քննարկում- հանդիպումների ժամանակ մասնակիցների 80-90%-ն արական սեռի ներկայացուցիչներ են, երբեմն մինչեւ 99%-ը:

Քրիստինե Գյոնջյանը Քրիստինե Գյոնջյանը


Կարծում եմ մեր երկրում այս հարցն այդքան էլ սուր կերպով դրված չէ․ պարզապես աղջիկներն ավելի շատ ընտրում են հումանիտար ուղղություններ, բայց դա էլ է արդեն փոխվում: Նշեմ, որ Հայաստանում վերջին տարիներին հատուկ ուշադրություն է դարձվել ՏՀՏ ոլորտում  գենդերային հարաբերակցության խնդրին:

Օրինակ՝ «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի իրականացրած վերջին ուսումնասիրության արդյունքներով( իրականացվել է 2018թ.), Հայաստանը բավականին ուշագրավ ցուցանիշ ունի՝ ՏՀՏ ոլորտում ավելի քան 35% իգական սեռի ներկայացուցիչների ներգրավվածություն, ինչը շատ բարձր ցուցանիշ է համաշխարհային մակարդակով:
 
- Այս ոլորտում գերիշխող դեր ունեն կարծես թե տղամարդիկ: Տեխնոլոգիական ոլորտում կին լինելը օգնում է, թե խանգարում․ ո՞րն է յուրահատկությունը:

- Ցանկացած ոլորտում կարիերա ստեղծելիս կին լինելն ունի իր խոչընդոտները, քանի որ, եթե օրինակ՝ տղամարդիկ կարող են իրենց թույլ տալ կենտրոնանալ իրենց աշխատանքի վրա, կինը շատ հաճախ իր կարիերայի ընթացքում ստիպված է լինում դադար վերցնել, երբեմն մի քանի անգամ, ընտանիք կազմելու, երեխային մեծացնելու եւ այլ պատճառներով: Իսկ տեխնոլոգիական ոլորտում գործունեություն ծավալող կնոջ համար այդպիսի դադարները շատ մեծ դեր ունեն: Սա այն ոլորտն է, որը զարգանում է ոչ թե փոքրիկ քայլերով, այլ՝ թռիչքային արագությամբ: Կնոջ կարիերայում տեղի ունեցող դադարները շատ հաճախ ճակատագրական դեր են ունենում կնոջ տեխնոլոգիական ոլորտում կայանալու գործում: Համաձայնեք, որ շատ դժվար է համապատասխան ուշադրության արժանացնել ընտանիքին, հասցնել խնամված լինել, նաեւ կայանալ աշխատանքում, այն էլ այսպիսի սրընթաց զարգացող տեխնոլոգիական ոլորտում:

Ի դեպ, նախկինում աղջիկները հիմնականում ընտրում էին հումանիտար ուղղություններ, ընդունված էր, որ աղջիկը պետք է ընտրի ուսուցչուհու, թարգմանչուհու, բուժքրոջ մասնագիտությունները, եւ դպրոցում հիմնականում հենց այդպես էլ ուղղորդում էին, տղաներին առաջարկում էին ընտրել STEM ուղղությունը (Գիտություն, մաթեմատիկա, ճարտարագիտություն եւ տեխնոլոգիա):

Աշխատելով նաեւ կրթական համակարգում եւ ունենալով բուհերում դասավանդման ավելի քան 20 տարվա փորձ՝ ուրախությամբ ուզում եմ փաստել, որ վերջին տասնամյակում նկատում եմ կտրուկ աճ տեխնոլոգիական ոլորտն ընտրող աղջիկների, աղջիկները դարձել են ավելի համարձակ, նպատակասլաց եւ կողմնորոշվող: Ասածիս վառ ապացույցն է այս տարի ՀՊՏՀ-ում Օպերատորների միության եւ «Արփինետ» ընկերության համագործակցության արդյունքում բացված «ՏՏ-ն բիզնեսում» մագիստրոսական ծրագրի աղջիկ ուսանողների քանակը, 33 ուսանողից 26-ն աղջիկներ են, որոնց մի մասն արդեն իսկ աշխատում է ոլորտի լավագույն ընկերություններում: Ի դեպ, հետաքրքիր է նկատել, որ տղաներն ավելի շատ կենտրոնանում են իրենց ընկերությունը (ստարտափը) հիմնելու վրա, իսկ աղջիկները որեւէ ընկերությունում լավ աշխատանք գտնելու ուղղությամբ: Սա եւս գալիս է ապացուցելու այն փաստը, որ տեխնոլոգիական ոլորտի կազմակերպությունների հիմնադիրները հիմնականում տղամարդիկ են:

Օպերատորների միությանն անդամակցող ընկերությունների հիմնադիր ղեկավարներն էլ բացառապես տղամարդիկ են: Իսկ պատասխանելով Ձեր հարցին արդյո՞ք տեխնոլոգիական ոլորտում կին լինելը օգնում է, թե խանգարում, կարող եմ ասել, ոչինչ միանշանակ չէ:


Երբեմն տղամարդիկ գարեջրի սեղանի շուրջ շատ ավելի հարցեր են լուծում, քան աշխատանքային քննարկումների ժամանակ, կանայք էլ ունեն իրենց յուրահատուկ մոտեցումները կառավարման եւ խնդիրների լուծման համար:

- Կպատմեք մի փոքր Հայաստանի օպերատորների միության մասին․ գաղափարի ստեղծման մասին եւ ի՞նչ հիմնական գործառույթներ է այն իրականացնում:

- «Հայաստանի օպերատորների միություն» ՀԿ-ն իրավաբանական անձանց հասարակական միավորում է, ստեղծվել է 2016 թ. դեկտեմբերին, ոլորտի մի քանի ընկերությունների կողմից:

Նպատակ ունեինք ստեղծել մի կառույց, որը կմիավորեր տեղեկատվական եւ հեռահաղորդակցման տեխնոլոգիաների (ՏՀՏ) եւ թվային բովանդակության ստեղծման եւ տարածման ոլորտների կազմակերպություններին եւ կդառնար համախմբող եւ ոլորտի զարգացմանը նպաստող օղակ:

Միության առջեւ դրված խնդիրներից է աջակցել ՏՀՏ եւ թվային բովանդակության ստեղծման եւ տարածման ոլորտների զարգացմանն ուղղված քաղաքականության եւ օրենսդրական դաշտի բարելավմանը, ներկայացնել իր անդամների շահերն այլ կազմակերպություններում, պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմիններում եւ միջազգային կառույցներում, իր անդամներին ապահովել տեղեկատվական եւ խորհրդատվական աջակցությամբ, իրականացնել ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող ծրագրեր, համագործակցել ներպետական եւ միջազգային կառույցների, մասնագիտացված օտարերկրյա կազմակերպությունների հետ ոլորտը բարելավելու, զարգացնելու համար, աջակցել ինտերնետի եւ հեռահաղորդակցության ոլորտների մասնագետների պատրաստմանը եւ որակավորման բարձրացմանը։

- Ի՞նչ քայլեր եք ձեռնարկում մարտահրավերներին դիմակայելու եւ ամենօրյա գործունեությունը շարունակելու համար: Եւ ի՞նչ խնդիրներից է ապահովագրում միությանը անդամագրվելը:

- Երբ ոլորտը միասնական է, առաջացող խնդիրներին դիմակայելն էլ ավելի հեշտ է ստացվում: Մենք արձագանքում ենք Միության անդամների կողմից բարձրացվող ցանկացած հարցի, փորձում գտնել լուծումներ, մոտեցումներ, որոնք ընդունելի կլինեն բոլորի համար: Եվ կարելի է ասել ստացվում է, քանի որ թե՛ պետական եւ միջազգային կառույցները, թե՛ ոլորտը կարգավորող մարմինները մեզ ընդունում են որպես ոլորտի միասնական օղակ: Ցանկացած հարցի շուրջ անցկացնում ենք քննարկում Միության անդամների հետ, լսում նրանց կարծիքը, ձեւավորում միասնական մոտեցում, նոր ընթացք տալիս եւ գտնում լուծումներ:

Մեր հաջողությունը եւ միասնականությունը կայանում է նրանում, որ Միության ներսում անդամներն իրար մրցակից չեն, միգուցե առօրյա աշխատանքում մրցակից կազմակերպություններ են, բայց միության ներսում դա խիստ դրված է, որովհետեւ մենք ներկայացնում ենք ոլորտ եւ լուծում ենք ոլորտին առնչվող խնդիրներ, ինչն էլ կբերի յուրաքանչյուր կազմակերպության բիզնեսի զարգացմանը:
 
- Ինչպե՞ս գրանցվել, ի՞նչ առավելություն է դա տալիս միության անդամ կազմակերպություններին:

- Միությանն անդամակցելու համար անհրաժեշտ է լրացնել դիմում, որի օրինակելի ձեւն առկա է www.operator.am կայքի անդամակցություն բաժնում, որից հետո դիմումը կդիտարկվի վարչության առաջիկա նիստին եւ կանոնադրության պահանջներին համապատասխանելու դեպքում սիրով կընդունենք մեր անդամների շարքերը:

Այս պահին միությանն անդամակցում են ոլորտի 30 ընկերություն եւ մեզ շարունակում են միանալ նորանոր ընկերություններ: Մենք ակտիվ կերպով ներգրաված ենք օրենսդրական դաշտի բարելավման աշխատանքներում, սերտ համագործակցելով պետական կառույցների հետ, աշխատում ենք գործընկեր ընկերությունների հետ մշակելով օպերատորների միության անդամ ընկերությունների համար միասնական մոտեցումներ:

- Հետաքրքիր է՝ ինչպե՞ս հայտնվեցիք այս ոլորտում:

- 20 տարեկանում ձեռք բերեցի իմ առաջին պենտիում 4 համակարգիչը սեփական աշխատանքի շնորհիվ՝ համատեղելով ուսումս աշխատանքի հետ: Ու կարելի է ասել տարվեցի տեղեկատվական տեխնոլոգիաներով: Աշխատել սկսել եմ դեռեւս 19 տարեկանից: Սովորելով հումանիտար ուղղությամբ՝ լեզուներ, հասկանում էի, որ ինձ պետք է ավելին: Երկար փնտրտուքների մեջ էի, փորձել եմ տարբեր ոլորտներ, կատարել եմ տարաբնույթ աշխատանքներ, շարունակել եմ կրթությունս, զբաղվել եմ ինքնակրթությամբ, անցել տարբեր դասընթացներ եւ վերջապես հասկացա, որ տեխնոլոգիական ոլորտն ամենահարազատն է:

2003 թվականին, մի ծրագրի շրջանակներում 40 օրով մեկնեցի Հնդկաստան ուսումնասիրելու տեղեկատվական տեխնոլոգիաները... այդ ճանապարհորդությունն ինձ համար մի մեծ կյանքի դպրոց էր....

Հետո աշխատանքի անցնելով Microsoft ընկերության հայաստանյան գրասենյակում՝ որպես Կրթական ծրագրերի ղեկավար, հայտնվեցի տեղեկատվական տեխնոլոգիաների մի նոր աշխարհում եւ ակտիվ աշխատելով ՏՏ-ն կրթական գործընթացում ներդնելու ուղղությամբ, էլ ավելի համոզվեցի, որ առանց ՏՏ ոչ մի ոլորտ այլեւս մրցունակ չէ: Տեխնոլոգիաները դարձել են մեր կյանքի մի մասը եւ երբեմն ինքս ինձ հարց եմ տալիս, արդյոք մարդն է կառավարում տեխնոլոգիաները, թե՞ հակառակը: Այսօր ՏՏ-ն բոլոր ոլորտներում է, չկա մի ասպարեզ, որտեղ տեղեկատվական տեխնոլոգիաները մուտք գործած չլինեն, իսկ STEM կրթությունն ամենաարդիականներից է:

- Ի՞նչ խոչընդոտների եք հանդիպել եւ ինչպե՞ս եք կարողանում լուծել դրանք:

- ՏՏ-ն շատ արագ է զարգանում, անընդհատ պետք է կատարելագործվել, ծանոթանալ նորություններին, եւ իհարկե ինքնակրթվել: Իմ կյանքում քիչ թե շատ անհաղթահարելի խոչընդոտը դա ժամանակի սղությունն է, երբ ուզում ես անել ավելին, սակայն չես հասցնում: Երբ կազմում ես պլաններ, դնում ես նպատակներ, բայց անվերջ հետաձգում ժամանակի սղության պատճառով: Կյանքը վերածվել է անվերջ մրցավազքի, վազում ենք, որ հասցնենք ապրել:

- Ո՞րն է Ձեր խորհուրդը հայ կանանց, հատկապես երիտասարդներին, ովքեր իրենց ապագան տեսնում են հենց տեխնոլոգիական ոլորտում:
 
- Մի՛ սահմանափակեք Ձեզ, երբեք մի ապրեք ականջալուր լինելով շրջապատի կարծիքին... ձգտեք, կրթվեք եւ կհամոզվեք, որ անհասանելի բարձունքներ չկան: