11:36 | 21.04.21 | Հարցազրույցներ | exclusive 40596

Hye Combinator. Հայաստանում կարող են ստեղծվել unicorn ստարտափներ եւ մենք կօգնենք այդ հարցում

Սփյուռքահայ գործարարներ, Հարվարդ Բիզնես Դպրոցի շրջանավարտներ Նիքոլաս Քաբրալոֆի եւ Քրիս Աբկարիանսի նախաձեռնությամբ վերջերս ստեղծվել է Hye Combinator մենթորություն տրամադրող անվճար հարթակը, որը միտում ունի միավորել ՏՏ ոլորտի հայ գործարարներին եւ խթանել տեխնոլոգիաների զարգացումը Հայաստանում:

Նիքոլաս Քաբրալոֆը ներդրումային վերլուծաբան է Whale Rock Capital Management ընկերությունում, իսկ Քրիս Աբկարիանսը՝ Juno ֆինթեք ընկերության համահիմնադիրն է։ 

Հարթակի տեսլականի շուրջ Itel.am-ը զրուցել է Նիքոլաս Քաբրալոֆի հետ:

- Նորաստեղծ հարթակը միավորում է հայ մենթորներին եւ ձեռներեցներին: Ինչպե՞ս:

- Hye Combinator-ի նպատակն է աջակցել Հայաստանի տեխնոլոգիական ոլորտի ձեռներեցներին: Հարթակը նրանց համար կդառնա մենթորություն տրամադրող եւ առաջնորդող ռեսուրս: Այդ նպատակով մենք միավորել ենք բարձր որակավորում ունեցող փորձառու հայ մենթորների, որոնք ձեռներեցների համար օգտակար ռեսուրս կդառնան:

Մեր մենթորները տեխնոլոգիական ոլորտի հիմնադիրներ են եւ ներդրողներ, որոնք իրենց ժամանակը, էներգիան եւ ռեսուրսները կենտրոնացնում են Հայաստանում տեխնոլոգիական էկոհամակարգը զարգացնելու ընդհանուր նպատակի համար:

Մենք ցանկանում ենք օգնել ձեռներեցներին իրենց ընկերությունը տեղափոխել հաջորդ մակարդակ: Գործարարները կկարողանան ստանալ իրենց անհրաժեշտ օգնությունը: Մենթորները ձեռներեցների հետ կաշխատեն Slack հարթակի միջոցով: Սա կլինի գիտելիքների, գաղափարների եւ այլնի փոխանակման ամենաարդյունավետ միջոցը:

Համոզված ենք, որ Հայաստանից կարող են դուրս գալ բազմաթիվ unicorn-ներ (հեղ.- $1 մլրդ եւ ավելի արժողությամբ ընկերություն), եւ Hye Combinator-ը ցանկանում է իր ներդրումն ունենալ դա իրականություն դարձնելու գործում:
 
- Քանի՞ մենթոր է ներկայում միացել հարթակին եւ ի՞նչ չափորոշիչներով են նրանք ընտրվում:
 
- Այսօր հարթակում մենք ունենք ավելի քան 25 մենթոր: Մեր մենթորները տեխնոլոգիական ձեռներեցներ են եւ ներդրողներ: Նրանք ունեն փորձ, գիտելիքներ եւ կապեր`օգնելու Հայաստանի ձեռներեցներին: Հարթակին միանալու համար ձեռներեցը պետք է անցած լինի գաղափարի փուլը, չնայած մենք բաց ենք նաեւ նրանց համար, որոնց լուծումները զարգացման ավելի վաղ փուլում են գտնվում:
 
- Ինչպե՞ս առաջացավ նման հարթակ ստեղծելու գաղափարը:
 
- Ես եւ Քրիսը մեր կարիերայի ընթացքում ներգրավված ենք եղել ԱՄՆ-ի տեխնոլոգիական էկոհամակարգում, իսկ բիզնես դպրոցում հանդիպելուց հետո գիտեինք, որ ուզում ենք ինչ-որ կերպ օգնել Հայաստանում տեխնոլոգիական էկոհամակարգի զարգացմանը:

Մենք համոզված ենք, որ Հայաստանում տնտեսությունը կառուցելու ամենաարդյունավետ եւ արդյունավետ միջոցներից մեկը կայուն տեխնոլոգիական էկոհամակարգի զարգացումն է, որը թույլ է տալիս տաղանդի, տեղեկատվության եւ ռեսուրսների արագ հոսք ապահովել:

Զրուցել ենք ոլորտի մասնագետների, ձեռներեցների, ներդրողների, կառավարության ներկայացուցիչների եւ այլոց հետ եւ եկել այն եզրակացության, որ առաջնային մենթորության, ուղղորդման եւ խորհուրդների ահռելի անհրաժեշտություն կա՝ սկսնակ եւ գործող ձեռներեցների համար: Կարծում ենք, որ սրա բացակայությունն է աճը դժվարացնող գործոններից մեկը: Սա հասկանալով, սկսեցինք փնտրել մենթորների, որոնք կիսում են մեր տեսլականը եւ որոնք կարող են անգնահատելի աջակցություն տրամադրել հայ ձեռներեցներին: Այսպես էլ ստեղծվեց Hye Combinator-ը:
 
- Ձեր հաշվարկներով, զարգացման ի՞նչ փուլում կլինի Hye Combinator-ը մեկ տարի անց:
 
- Մեկ տարի անց հուսով ենք, որ հարթակում առնվազն 20 տեխնոլոգիական հիմնադիրներ կունենանք, որոնք կօգտագործեն մեր առաջարկած ռեսուրսները: Նպատակն է `ստեղծել կենդանի էկոհամակարգ, որը կվերածվի ձեռներեցների համար արժեքավոր ռեսուրսի:

- Ո՞րն է Հայաստանի տեխնոլոգիական էկոհամակարգի զարգացման ձեր տեսլականը:

- Մենք իսկական հավատում ենք, որ Հայաստանի տեխնոլոգիական էկոհամակարգը կարող է դառնալ աշխարհում գերիշխողներից մեկը: Ոչ միայն կարող է, այլեւ պետք է դառնա: Սա այն է, ինչ մենք կարող ենք առաջարկել մնացած աշխարհին: Մեր ինտելեկտը, աշխատանքային էթիկան, քիչ ծախսատարությունը ու կենտրոնացված միտքը մեզ կհասցնեն այդ նպատակակետին: Օգնելով այդ ձեռնարկատերերին իրենց ընկերությունները հաջորդ մակարդակ հասցնել՝ կավելացնենք դեպի Հայաստան օտարերկրյա ներդրումները, կստեղծենք աշխատատեղեր, ֆինանսական արժեք եւ այլն: Սա մի շարժվող անիվ է, որը կարող է փոխել Հայաստանի հետագիծը:

Նիքոլաս Քաբրալոֆի հետ զրուցել է Նարինե Դանեղյանը