17:07 | 14.04.21 | Նորություններ | 1105

    Կկայանա «Կլիմայական փոփոխությունների տեխնոլոգիական աքսելերատոր»-ի Դեմո օրը

    Ապրիլի 15-ին` 18:30-ին, «Ինովացիոն Լուծումների եւ Տեխնոլոգիաների կենտրոն»-ում կկայանա «Կլիմայական փոփոխությունների տեխնոլոգիական աքսելերատոր» ծրագրի ամփոփիչ՝ «Demo Day» միջոցառումը, որի ընթացքում առաջին փուլը հաղթահարած 7 ստարտափները կներկայացնեն իրենց վերջնական նախագծերը:

    16 շաբաթ տեւողությամբ ծրագրի նպատակն էր համախմբել տեխնոլոգիական եւ նորարարական գաղափարներ, լուծումներ եւ արտադրանքներ՝ ՄԱԿ-ի Կայուն զարգացման նպատակներին համապատասխան էներգետիկ ոլորտի վերափոխման ջանքերին միանալու եւ երկրների էներգետիկ անվտանգությանը նպաստելու համար։

    Ծրագրի առաջին փուլին մասնակցել է 16 թիմ, որից միայն 7-ն է ստացել երկրորդ փուլին մասնակցելու հնարավորություն: Դրանք են՝ Agrophotovoltaic, WeavAir, RioSys, Wisenergy, Areven, SmartMPower, Biohydrogen from Waste: Ծրագրի եզրափակիչ փուլ հասած ստարտափներից 4-ը Հայաստանից են, մեկական թիմեր՝ Իռլանդիայից, Կանադայից, Գերմանիայից եւ Բելգիայից (համատեղ):

    Թիմերն աշխատել են առաջատար բիզնես եւ տեխնոլոգիական միջազգային մենթորների հետ, ստացել խորհրդատվություն` բիզնեսի, պրոդուկտի եւ ծառայության զարգացման, թիմի ստեղծման, շուկայի ռազմավարության, հաճախորդների ներգրավման, բիզնես մոդելի, ֆինանսավորման ռազմավարության եւ այլ ուղղություններով:

    Միջոցառման ընթացքում լավագույն ստարտափները կստանան մրցանակներ, ինչպես նաեւ իրենց տեխնոլոգիական լուծումները հաջորդ փուլ տանելու հնարավորություն:

    Ծրագիրն իրականացվում է ՄԱԿ-ի Զարգացման Ծրագրերի ImpactAim աքսելերատորի, «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի (ՁԻՀ), «Ինովացիոն Լուծումների եւ Տեխնոլոգիաների կենտրոն» հիմնադրամի (ISTC) եւ Ինժեներական քաղաքի հետ համատեղ՝ ապահովելով եւ՛ տեխնիկական, եւ՛ բնապահպանական ենթակառուցվածքային օժանդակություն։

    ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) ImpactAim «Կլիմայի փոփոխություն տեխնոլոգիական աքսելերացիա»-ն ֆինանսավորվում է Ռուսաստանի Դաշնության եւ ՄԱԶԾ երկրներին տրվող ներդրումային նախաձեռնության կողմից, Ասիական Զարգացման Բանկի վենչուրային ֆոնդի կողմից` ՀՀ շրջակա միջավայրի նախարարության աջակցությամբ: