12:06 | 07.04.21 | Նորություններ | 1082

Սփյուռքահայերի նոր նախաձեռնությունը՝ Հայաստանի տեխնոլոգիական համայնքը զարգացնելու համար

Սփյուռքահայ գործարարների նախաձեռնությամբ ստեղծվել է Hye Combinator (Հայ Կոմբինատոր) մենթորական հարթակը, որը միտում ունի միավորել ՏՏ ոլորտի հայ գործարարներին եւ խթանել տեխնոլոգիաների զարգացումը Հայաստանում։

Նախագծի մասնակից երկու կողմերը՝ մենթորները եւ ձեռներեցները հնարավորություն կստանան հաղորդակցվել եւ համագործակցել միմյանց հետ։ Մենթորները, որոնք Միացյալ նահանգներում բնակվող փորձառու մասնագետներ են տարբեր ոլորտներում, ուղիղ կապի մեջ կլինեն ձեռներեցների հետ եւ կօգնեն նրանց մասնագիտական խորհուրդներով։

Հայ Կոմբինատորը սկսել են երկու սփյուռքահայ գործարարներ. Nicholas Cabraloff-ը՝ ներդրումային վերլուծաբան Whale Rock Capital Management (Վեյլ Ռոք Քեփիթալ Մենեջմենթ) ընկերությունում եւ Chris Abkarians-ը՝ համահիմնադիր Juno (Ջունո) ֆինթեք ընկերությունում։ Ե՛վ Նիքոլասը, եւ՛ Քրիսը Հարվարդ Բիզնես Դպրոցի շրջանավարտներ են։

 «Մենք արդեն երկար ժամանակ է ինչ կապի մեջ ենք Միացյալ Նահանգներում գտնվող մի շարք հայ ձեռներեցների հետ եւ տեսնում ենք, որ շատերը հետաքրքիր նախաձեռնություններ են սկսել, սակայն տեղյակ չեն միմյանց մասին։ Այդպիսով մտահաղացում առաջացավ ստեղծել մի կապող հարթակ, որտեղ հաջողություն գրանցած անձիք կկիսվեն իրենց գիտելիքներով եւ փորձով։ Իսկ հետագայում մտածեցինք նաեւ ընդգրկել սկսնակ գործարարներին եւ կապել նրանց մասնագետների հետ»,- նշել է Քրիս Աբկարիանսը:

«Մենթորի հետ անհատական շփումը արդյունավետ է, բայց էլ ավելի արդյունավետ է, երբ հնարավոր է միաժամանակ տասնյակ մենթորների կարծիքներ լսել։ Այս պատճառով, նախագիծը իրականացնելու համար մենք ընտրել ենք Slack հարթակը»,- հավելել է Նիքոլաս Քաբրալոֆը:

Slack-ում կան առանձնացված խմբեր ըստ թեմաների, ինչպիսիք են օրինակ՝ Ֆինանսավորումներ, Վաճառք եւ Մարքեթինգ, Ռազմավարություններ, Իրավաբանական Հարցեր, Մարդկային Ռեսուրսներ եւ այլն։

Ներկայում Hye Combinator-ին են միացել ավելի քան 25 մենթորներ, իսկ սկսնակ գործարարների թիվը գնալով ավելանում է։

Hye Combinator-ն ամբողջովին անվճար է։ Դիմելու համար անհրաժեշտ է այցելել գլխավոր կայք եւ լրացնել հայտը։ Հարկավոր է նշել դիմորդի անունը, linkedin հղումը, եւ կարճ բնութագիր բիզնեսի մասին։ Ընկերությունը կամ ստարտափը պետք է տեխնոլոգիական բնույթի լինի։ Խրախուսվում է, որ դիմորդները անցած լինեն գաղափարի փուլը։ Այն անձիք ովքեր ցանկանում են դառնալ մենթոր, կարող են գրել նամակ info@hyecombinator.com էլ. հասցեին: