11:10 | 07.04.21 | Նորություններ | 1143

CyHub Armenia-ի նոր վեբինարը կպատմի «հաքեր հերոսների» մասին

CyHub Armenia նախաձեռնությունը ապրիլի 8-ին՝ 19:00-ին, կկազմակերպի վեբինար՝ CyberRisk Alliance-ի կողմից ձեռք բերված Security Weekly-ի հիմնադիր ու գործադիր տնօրեն Փոլ Ասադուրյանի մասնակցությամբ:

Հանդիպման ընթացքում անդրադարձ կկատարվի մի շարք թեմաների, այդ թվում՝ հաքերների մշակույթին եւ մտածելակերպին: Մասնակիցները կկարողանան դիտարկել պատմության ընթացքում տեղի ունեցած հաքերային նախադեպերը եւ պարզել, թե ինչպես կարելի է ներազդել հաքերների նոր սերնդի ձեւավորման վրա։

Հավելենք, որ հանդիպման մասնակիցները կստանան բանախոսին հարցեր ուղղելու հնարավորություն: Մասնակցության համար հարկավոր է նախապես գրանցվել այստեղ:

Փոլ Ասադուրյանը Security Weekly-ի հիմնադիրն ու գործադիր տնօրենն է: Նա իր կարիերան սկսել է վիճակախաղային ընկերությունում՝ որպես անվտանգության մասնագետ, այնուհետեւ սկսել է անվտանգության ծրագրեր իրականացնել համալսարանում: Ասադուրյանը նաեւ տիրապետում է գրոհային հմտությունների՝ երկար տարիներ աշխատելով որպես ներթափանցման փորձարկող (Penetration Tester): Tenable Network Security-ում աշխատելու տարիներին նա ստեղծել է նյութերի ամբողջական գրադարան՝ խոցելիությունների կառավարման թեմայով։

CyHub Armenia նախաձեռնությունն իրականացվում է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի կողմից՝ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի, Համաշխարհային բանկի, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության, ISTC-ի, CISCO-ի եւ IBM-ի աջակցությամբ: