12:58 | 19.03.21 | Նորություններ | 21837

«Ռոստելեկոմ»-ը միացել է «Նոր էջ» նախագծին

«Ռոստելեկոմ» ընկերությունը, բարձր գնահատելով հայ զինվորի սխրանքը, շարունակում է հնարավոր բոլոր միջոցներով կանգնել հայոց բանակի եւ հայ զինվորի կողքին։

Ընկերությունը միացել է «Հայաստանի Մարդկային Ռեսուրսների Ասոցիացիա»-ի նախաձեռնությամբ իրականացվող «Նոր էջ» նախագծին։ Այս քայլով ընկերությունն իր ներդրումն է բերում երիտասարդ զինվորների՝ լիարժեք կյանք վերադառնալու գործում։

 «Ռոստելեկոմ» ընկերության բանիմաց եւ փորձառու մասնագետների օգնությամբ պատերազմի մասնակից երիտասարդ զինվորները կմասնագիտանան, ձեռք կբերեն ժամանակի պահանջներին համապատասխան հմտություններ ու գիտելիքներ եւ կանցնեն աշխատանքի։

«Մենք՝ որպես հեռահաղորդակցության ոլորտի առաջատար կազմակերպություն, միացել ենք «Նոր էջ» ծրագրին՝ հնարավորինս աջակցելու հայ երիտասարդ զինվորներին՝ երբեք ինքնավստահությունը չկորցնելու եւ հաստատակամ առաջ շարժվելու գործում։ Մենք պատրաստ ենք կանգնելու թիրախային խմբում գտնվող երիտասարդների կողքին՝ աշխատաշուկայում իրենց մրցունակությունը վերագտնելու ճանապարհին։ Բոլոր ընկերություններին հորդորում ենք միանալ այս հիանալի ծրագրին»,- նշել է «Ռոստելեկոմ» Հայաստան ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը։

2021թ. հունվարին մեկնարկել է «Նոր Էջ» սոցիալական պատասխանատվության նախագիծը։ Վերջինս միտված է աջակցելու այն անձանց, ովքեր մասնակցել են մարտական գործողություններին եւ զորացրվել են:    

Ծրագրի շրջանակում ներառվելու են 18-30 տարեկան շուրջ 1.000 երիտասարդներ, որոնց հետ անցկացվելու են մասնագիտական հարցազրույցներ։ Հիմնվելով ստացված արդյունքների վրա՝ կազմակերպվելու են մասնագիտական կողմնորոշման ծրագրեր, ուսուցման եւ զարգացման դասընթացներ:

«Նոր էջ» նախագիծը համագործակցելու է շուրջ 500 կազմակերպությունների եւ կառույցների հետ, որոնց պահանջներից ելնելով, կձեւավորվեն եւ կիրականացվեն ուսուցման, զարգացման եւ ուղղորդման թիրախային ծրագրեր: Նախագիծը նախաձեռնել եւ մշակել է «Հայաստանի Մարդկային Ռեսուրսների Ասոցիացիա»-ն ։