14:37 | 18.03.21 | Նորություններ | 2916

ԲՏԱ նախարարությունը՝ Աբու Դաբիում կայացած IDEX-2021 ցուցահանդեսի ծախսերի մասին

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը պարզաբանում է ներկայացրել ԱՄԷ մայրաքաղաք Աբու Դաբիում փետրվարի 21-25-ը կայացած IDEX-2021 միջազգային ռազմարդյունաբերական ցուցահանդեսում հայկական պատվիրակության կատարած ծախսերի մասին:

Հայտարարության տեքստը ներկայացնում ենք ստորեւ:

«Հաշվի առնելով մամուլի ընդգծված հետաքրքրվածությունը եւ բազմաթիվ հարցումները IDEX-2021 միջազգային ռազմարդյունաբերության ցուցահանդեսի մասնակցության վերաբերյալ, հարկ ենք համարում տրամադրել հետեւյալ տեղեկատվությունը․

Ցուցահանդեսին մասնակցելու համար հայկական պատվիրակության կազմում՝ կազմակերպչական հարցերը կանոնակարգելու համար, ընդգրկված են եղել Նախարարության եւ Ռազմարդյունաբերության կոմիտեի 6 աշխատակիցներ, ինչպես նաեւ հայկական տարբեր ռազմարդյունաբերական ընկերությունների ավելի քան 45 մասնագետներ։ Նախարարության պատվիրակության ավիատոմսերի գնման, օրապահիկի եւ հյուրանոցի գիշերակացի համար վճարվել է 8․604․603 ՀՀ դրամ՝ համաձայն ՀՀ կառավարության 29.12.2005թ. թիվ 2335֊Ն որոշմամբ սահմանված պահանջների։

Տաղավարի տարածքի վարձակալության համար վճարվել է 108.352.652 ՀՀ դրամ («Capital Events» եւ «Berns Brett Masaood» ընկերություններին):


Տաղավարի նախագծման եւ կառուցապատման արժեքը՝ 23,000,000 ՀՀ դրամ («Էքսպո Գրուպ» ՍՊԸ)։  Անհրաժեշտ տեղեկատվությանը կարող եք ծանոթանալ www.procurement.am կայքում։

Նախարարի պաշտոնական ներկայացուցչական ծախսերը կազմել են 139,000 ՀՀ դրամ (ՀՀ 2021 թ. նախարարության պահպանման միջոցներով նախատեսված ներկայացուցչական ծախսերի հաշվին)։

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի 2021 թվականի հունվարի 27-ի թիվ 61-Ա հրամանի 4-րդ հավելվածով սահմանված մասնակից ընկերությունների մեկական ներկայացուցչի 4 օրվա գիշերակացի ծախսերը. 9 հոգի՝ 3,637,700 ՀՀ դրամ (25,320 ԱՄԷ դիրհամ), մնացած բոլոր ծախսերն իրականացրել են ընկերությունները՝ համաձայն ՀՀ կառավարության 29.12.2005թ. թիվ 2335֊Ն որոշմամբ սահմանված պահանջների։

Ընկերությունները, քննարկման արդյունքում, նպատակահարմար են գտել ցուցանմուշներն ուղարկել միասնական տարբերակով՝ հաշվի առնելով դրանց բնույթը եւ ընդհանուր գործընթացի բարդությունը։ Նկատի ունենալով ժամկետների սղությունը՝ Նախարարությունը հնարավորինս աջակցել է մասնակից ընկերություններին առաջացած խնդիրների կարգավորման հարցում։ Նախատեսված է եղել նաեւ, որ փոխադրման ծառայության դիմաց կվճարեն մասնակից ընկերությունները»: