13:10 | 17.03.21 | Նորություններ | 1901

Wikimedia-ն կոմերցիոն նախագիծ է սկսում. թիրախում տեխնոլոգիական ընկերություններն են

Wikimedia հիմնադրամը, որը ղեկավարում է Wikipedia եւ այլ նախագծեր, հայտարարել է Wikimedia Enterprise առեւտրային պրոդուկտի գործարկման մասին:

Նոր ծառայությունը բովանդակության արդյունավետ կիրառման համար վճարովի գործիքներ եւ ծառայություններ կտրամադրի խոշոր տեխնոլոգիական ընկերություններին:

Wired-ի փոխանցմամբ, Wikimedia Enterprise-ի եւ խոշոր տեխնոլոգիական ընկերությունների միջեւ բանակցություններն արդեն մեկնարկել են: Հիմնադրամը կքննարկի այս գաղափարը Wikipedia-ին նվիրատվություն ուղարկողների հետ:

Հիմնադրամում կանխատեսել են, որ արդեն այս տարվա հունիսին տեխնոլոգիաների ոլորտի ընկերությունների հետ պայմանավորվածությունների կհասնեն: Հիմնադրամի ավագ տնօրեն Լեյն Բեքերի խոսքով, Wikimedia-ն առաջին անգամ է կենտրոնանում ծառայությունը կոմերցիոն նպատակներով օգտագործող խմբի վրա:

«Մենք գիտեինք, որ նրանք կան, բայց նրանց երբեք չէինք վերաբերվում որպես օգտագործողների բազայի եւ թիրախային խմբի»,- նշել է Լեյն Բեքերը, հավելելով, որ նոր գործիքը, ամենայն հավանականությամբ, չի դառնա Wikimedia-ի եկամտի հիմնական աղբյուրը, եւ որ հիմնադրամն ակնկալում է, որ նվիրատվություններն եւ դրամաշնորհները շարունակական բնույթ կկրեն: