11:07 | 05.03.21 | Նորություններ | 2177

Instagram-ը ներկայացրել է մինչեւ 4 հոգու մասնակցությամբ ուղիղ եթերի հնարավորություն

Instagram-ը որոշել է կրկնապատկել խմբային ուղիղ եթերների մասնակիցների քանակը՝ այդ թիվը հասցնելով 4-ի:

Սա թույլ կտա օգտատերերին բիզնես զարգացնելու եւ գումար վաստակելու ավելի շատ հնարավորություններ ունենալ:

«Ուղիղ եթեր»-ի սենյակ ստեղծելու համար անհրաժեշտ է միացնել ուղիղ հեռարձակումը եւ հրավիրել մասնակիցներին: Հեռարձակում ստեղծողը կերեւա էկրանի վերին հատվածում: Հյուրերը կարող են ավելացվել միաժամանակ կամ հերթով՝ ըստ անհրաժեշտության:


Instagram-ում հույս են հայտնել, որ այս գործառույթը թույլ կտա օգտատերերին բացահայտել եւ զարգացնել սոցցանցում իրենց ստեղծագործական ունակությունները, ինչպես նաեւ լսարանի հետ հաղորդակցվելու լրացուցիչ հնարավորություն կընձեռի:

Գործառույթը հասանելի կլինի սոցցանցի օգտվողների համար՝ ամբողջ աշխարհում: Հիշեցնենք, որ 2017թ. Instagram-ը սկսեց թեստավորել համատեղ ուղիղ հեռարձակումների գործառույթը, իսկ 2020թ. հոկտեմբերին ուղիղ հեռարձակման եթերի առավելագույն ժամանակը 1 ժամից դարձավ 4 ժամ: