14:09 | 04.03.21 | Նորություններ | 1592

«Թումո»-ն գնում է Ջավախք եւ Տաշքենդ

Վրաստանի Ախալքալաք քաղաքի պատանիները շուտով հնարավորություն կստանան հմտանալ «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի կրթական ծրագրի 14 ոլորտներում՝ Հայ օգնության միության Ջավախքի միավորի եւ «Թումո»-ի համագործակցության շնորհիվ:  

Նշվում է, որ ինքնուսուցումը ջավախքցի պատանիները կանեն տեղում, իսկ դասընթացների համար կմեկնեն «Թումո» Գյումրի: Մոտակա շաբաթներին կավարտվեն տարածքի վերանորոգման եւ տեխնիկական ապահովման աշխատանքները, եւ շուրջ 160 պատանի կկարողանա սկսել իր ուսումը արդեն ապրիլին:

Միաժամանակ հայտնի է դարձել, որ «Թումո»-ի միջազգային համագործակցության ղեկավար Սոյեր Հեսքոքը նախօրեին ստորագրել է փոխըմբռնման հուշագիր Ուզբեկստանի զբաղվածության եւ աշխատանքի նախարարի առաջին տեղակալ Էրկին Մուխիտդինովի հետ՝ Կենտրոնական Ասիայում առաջին «Թումո»-ն բացելու աշխատանքները սկսելու համար։