15:51 | 25.02.21 | Նորություններ | 2563

Ապագա գյուղատնտեսները հողի ջրման ավտոմատ համակարգ են ստեղծել

Թումո լաբորատորիաների եւ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի համատեղ նախագծի ուսանողները ստեղծել են բույսերի ջրման ավտոմատ համակարգ։

Պիլոտային նախագծի ընթացքում Ագրոճարտարագիտության ֆակուլտետի ուսանողները ստեղծել են IoT սարք՝ ծրագրավորելով այն Arduino, C/ C++ լեզուներով, այնուհետեւ հեռահար եղանակով հողի վիճակի մասին տեղեկատվություն ստանալու համար մշակել են վեբ հավելված։ Այս հավելվածում, հողի մեջ տեղադրված սենսորների միջոցով, երեւում են հողը բնութագրող ցուցանիշները, որի վրա հիմնվելով էլ ծրագիրը որոշում է ջրել այն, թե՝ ոչ։

«Այս համակարգն այժմ աշխատում է լոկալ ցանցի ներսում, սակայն փորձում ենք այն կատարելագործել ու դարձնել բաց, որպեսզի կարողանանք աշխարհի ցանկացած կետից կառավարել այս պրոցեսը»,- ասում է նախագծի մասնակից Սամվելը։



Ուսանողների աշխատանքի ներկայացման օրը Թումո լաբորատորիաների եւ Ագրարային համալսարանի միջեւ համագործակցության հուշագիր է ստորագրվեց, որը ժամանակակից տեխնոլոգիաներով հետաքրքրվող ապագա գյուղատնտեսներին լայն հնարավորություններ կընձեռի։


Թումո լաբորատորիաները ԵՄ Թումո համալիրի կրթական ուղղությունն է, որը կապում է բարձրագույն կրթությունն արդյունաբերության հետ: Թումո լաբերի նախագծերը անվճար են եւ նախատեսված են 18 տարին լրացած ուսանողների ու երիտասարդ մասնագետների համար: Այն հնարավորություն է տալիս համալսարանական կրթությունը լրացնել պրակտիկ հմտություններով՝ շուկայի ներկայացուցիչների հետ անցկացնելով գործնական նախագծեր։


Գործունեության մեկ տարվա ընթացքում՝ միջազգային եւ տեղական ՏՏ ընկերությունների, ինչպես նաեւ համալսարանների հետ համագործակցության արդյունքում, Լաբերում անցկացվել են 3D ծրագրավորման, գյուղատնտեսական ու առողջապահական ոլորտների ավտոմատացման եւ թվայնացման թեմաներով նախագծեր, որոնցից շատերը նախագծի ավարտից հետո կատարելագործվել եւ ներդրվել են համապատասխան ոլորտներում։ Թումո լաբերի կրթական ծրագիրը շուտով կհամալրվի ինքնուսուցման բաղադրիչով, ինչը ուսանողներին կտրամադրի հիմնային գիտելիքներ ինժեներության, արհեստական բանականության, ծրագրավորման եւ այլ ժամանակակից ոլորտներում: